Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ընդդիմությունը չէր մասնակցում:
ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանն ասաց, թե մեդիա դաշտում պարտություն ենք կրում, ուստի վարչապետ Փաշինյանին հարցրեց՝ ի՞նչ անեն, որ մեդիա դաշտը իրենց հսկողության դաշտ բերեն ու խառնաշփոթը վերացնեն:
Փաշինյանը պատասխանեց. «Եթե նկատի ունեք ապատեղեկատվությունը, դա միշտ էլ պրոբլեմ է: Ընդհանուր առմամբ, մեր պատկերացրած լուծումը լսարանի մեդիագրագիտության բարձրացումն է, որ մարդիկ կարողանան ճիշտ տեղեկատվությունը սխալից տարբերել»: Նա ասաց, որ մեդիադաշտը ինքը խառնաշփոթ երեւույթ է, ի՞նչը կարգավորեն, պարզապես պետք է տեսնեն՝ օրենքի խախտում կա՞, թե՞ չկա:
Կարդացեք նաև
Վիգեն Խաչատրյանն էլ ասաց, որ ապատեղեկատվություն է տարածվում ՀԱՊԿ-ի՝ Հայաստանին չաջակցելու հետ կապված: Նա հարցրեց ՀԱՊԿ-ի վերաբերմունքից՝ ի՞նչ խնդրանքով ենք մենք դիմել ՀԱՊԿ-ին ու ինչ պատասխան ենք ստացել, ե՞րբ է պատվիրակություն ժամանելու ՀԱՊԿ-ից եւ ի՞նչ ծրագրով: Արտգործնախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Գիտեք, որ լինելու է դիտորդական առաքելություն, կարծում ենք, որ այդ առաքելությունը կժամանի վաղը: Մեր դիմումը պատշաճ կարգով քննարկվել է ՀԱՊԿ-ում»: Ըստ Արարատ Միրզոյանի, միտումնավոր ապատեղեկատվություն տարածողների պակաս չկա:
Շարունակելով ապատեղեկատվության տարածման թեման՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ներկայումս հայտարարություններ են տարածվում, տեսանյութեր են հրապարակվում, որ մարդիկ բանակի համար ինչ-որ բաներ են հավաքում՝ զրահաբաճկոն, վրաններ, սնունդ, օգնություն, արդյոք դրա կարիքն այս պահին կա՞ ու այդ աղմուկը, որ համացանցում կա, կետեր են ստեղծվել քաղաքում, դա պետության կողմի՞ց է ստեղծվել:
ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց. «Նախ, ՀՀ ՊՆ-ն ի վիճակի է ապահովել մեր բանակի կարիքները եւ այս փուլում, երբ հայտարարված չէ որեւէ մոբիլիզացիա, մենք որեւէ խնդիր չունենք ապահովելու մեր անձնակազմին եւ խնդրում եմ ուղղակի ինքնագործունեությամբ չզբաղվել: Եթե կա մեծ ցանկություն լինել բանակի կողքին, խնդրում ենք կապվել պատկան մարմինների հետ»:
ՊՆ մամուլի խոսնակին հանձնարարված է հարթակ ստեղծել մարդկանց հետ կապի համար, որ իրենց բարոյական աջակցությունը հայտնեն: Նախարարն ասաց, որ նմանատիպ նախաձեռնությունները գցում են բանակի վարկը. «Ես խնդրում եմ ձեռնպահ մնալ նմանատիպ ինքնագործունեությունից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ