Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ձերբակալում էին՝ ոնց որ ամենավերջին մարդասպանին». Էդգար Ղազարյան

Սեպտեմբեր 14,2022 16:08

«Դիմակավորված հանցագործները՝ կապույտ համազգեստով, հարձակվեցին ինձ վրա՝ առանց խոսք ասելու: Ինձ խոշտանգելով տապալեցին գետնին, ձեռնաշղթաները կապեցին ու բռնությամբ նստեցրին ավտոմեքենա, բերեցին Նոր Նորքի բաժին»,-քիչ առաջ դուրս գալով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր նորքի բաժանմունքից` հայտարարեց «Համախմբում» նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱԺ-ի մոտից դիմակավորված ոստիկանները բերման ենթարկեցին «Համախմբում» նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182–րդ հոդվածի հիմքով՝ «Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը»։

Էդգար Ղազարյանը ցույց տվեց ձեռնաշղթաների հետքերը ու ասաց, որ իրեն բերման են ենթարկել՝ հատուկ գլուխը ներքև սեղմերով, թևերը ծալելով: Ըստ նրա՝ դա պայմանավորված է իր հասարակական-քաղաքական գործունեությամբ: Նա ասաց. «Ինձ ձերբակալում էին՝ ոնց որ ամենավերջին մարդասպանին: Փաստացի ինձ առևանգել են, ինձ բերման ենթարկողները ոչ ոստիկանի տարբերանշաններ ունեին, ոչ անուն գիտեի, նրանք դիմակավորված էին»:

Էդգար Ղազարյանն ասաց, որ իրեն ներկայացրել են ամբողջությամբ կեղծված արձանագրություն ու մանրամասնեց. «Իբր ես չեմ ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին և հանրահավաքի կազմակերպման հետ կապված ասում են, որ դա է եղել պատճառը: Ոչ միայն ոստիկաններն ինձ պահանջ չեն ներկայացրել, այլև ես ընդունարանում խիստ համագործակցային մթնոլորտում եմ նրանց հետ եղել: Մի երկու քաղաքացու հետ նորից փորձեցինք ԱԺ ընդունարանում ճշտել, թե ով մեզ կպատասխանի; Հետո ինքնաբուխ այլ քաղաքացիներ էլ մոտեցան: Լրագրողներն էլ մոտեցան, ազատ տեղաշարժ գոյություն ուներ: Այդ ժամանակ ոստիկանության աշխատակիցները եկան, ինձ ասացին՝ կլինի՞ քաղաքացիները դուրս գան, Դուք սպասեք: Կոչով դիմեցի քաղաքացիներին, որ դուրս գան ընդունարանի տարածքից: Մնացի միայն ես, ոստիկանության ծառայողն ինձ շնորհակալություն հայտնեց: Այդ ընթացքում Երևանի վարչության պետի տեղակալն ինձ հարցրեց՝ ինչ է տեղի ունեցել: Հետո դուրս եկա, և ինձ բերման ենթարկեցին գետնին տապալելով»:

Նա հայտնեց, որ ոստիկանական բաժանմունքում իրեն անգամ թույլ չեն տվել զանգահարել ընտանիքի անդամներին, փաստաբանին:

Ասաց, որ այժմ պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել: Միևնույն ժամանակ վստահեցրեց՝ վերադառնալու է ԱԺ.  իրենց խնդիրներն ու նպատակները նույնն են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930