Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավիճակը կշարունակի էլ ավելի վատթարանալ, եթե շարունակվի այս քաղաքական կուրսը». Արթուր Խաչատրյան

Սեպտեմբեր 14,2022 15:55

«Իրավիճակը կշարունակի էլ ավելի վատթարանալ, գնալու ենք դեպի անհուսության, անշրջելիության կետ եւ մենք կկանգնենք երկրի, պետականության, ազգի կործանման իրական ռիսկի առաջ, եթե շարունակվի այն քաղաքական կուրսը, որն այս իշխանությունները որդեգրել են»,- այսօր կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ իսկապե՞ս իրավիճակն այդքան անհույս է, ինչպես երեկ ԱԺ-ում ներկայացնում էր վարչապետը՝ «Հայկական օրակարգ. քաղաքական սեպտեմբեր, ներքին եւ արտաքին ռիսկերի պաշար» խորագրով քննարկման ժամանակ:

Հիշեցնելով, որ մինչեւ պատերազմը, Նիկոլ Փաշինյանը քանիցս է խոսել խաղաղության դարաշրջանի մասին, նա հիշեցրեց, մասնավորաբար ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարը՝ «երբ ինքն անցկացրեց Սասուն Միքայելյանին, այդ ժամանակ էլ է խոսել խաղաղության քաղաքականության մասին»: Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ խաղաղությունը լավ բան է. ցանկացած ազգ, ժողովուրդ, պետություն, մարդ ուզում է խաղաղ ապրել, բայց ինչպե՞ս ես գնում խաղաղության: Իր պատմական զուգահեռներում Արթուր Խաչատրյանը հարյուր տարի հետ գնաց՝ նկատելով, որ նույն սխալը Չեմբեռլենն էր անում, երբ փորձում էր Հիտլերին զիջումներ անելով՝ խաղաղության դարաշրջան կերտել Եվրոպայում : Նա հիշեց նաեւ Չերչիլին, որն այդ ժամանակ ասում էր՝ ընտրում ես նվաստացումը պատերազմի եւ խաղաղության միջեւ, կստանաս՝ եւ պատերազմ, եւ նվաստացում. «Հիմա այդ քաղաքականությունը շարունակում է Նիկոլ Փաշինյանը»:

Բանախոսը համոզված է՝ քաղաքականությունը պետք է փոխել ու հավելում, որ միջազգային հարաբերությունները շատ չեն տարբերվում փողոցի հարաբերություններից եւ եթե որեւէ մեկը իրեն կարողանում է պաշտպանել, նրա կողքին շատ մարդ է կանգնում, իսկ ով չի կարողանում, չի ցանկանում իրեն պաշտպանվել՝ մնում է միայնակ:

Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում երեկ ունեցած ելույթը Արթուր Խաչատրյանին հիշեցրել է 2020 թվականի պատերազմի ժամանակ ֆեյսբուքյան ուղիղ եթերը, որի ժամանակ արդեն մեղադրում էր հանրությանը՝ հնարավոր ձախողումների մեջ, երբ խոսում էր, որ ինչ-որ բժիշկ կեղծ տեղեկանք է տվել եւ ինչ-որ մեկին ազատել՝ բանակ գնալուց եւ այլն: «Նույնը երեկվանն էր. տեսեք ինչ հայտարարություն արեց՝ հասարակության մեջ չեն ասում՝ իսկ դու ի՞նչ արեցիր հաղթանակի համար: Այսինքն, ինքը փորձում է այս ծանր վիճակից պատասխանատվությունը դնել հասարակության վրա, ոչ թե քաղաքական ուժերի, այլ հասարակության վրա, որ դուք ի՞նչ եք ուզում, դավաճանություն կա, միասնություն չկա, խեղճ Նիկոլն ի՞նչ անի»:

Ամեն դեպքում, բանախոսն իրավիճակն անհույս չի համարում, եթե «ձախող» իշխանությունը հեռանա՝ տեղը զիջելով ժամանակավոր կառավարությանը, այլընտրանքային շտաբին կամ որեւէ համանման կառույցի: Նա հիշեցնում է 1992 թվականը, երբ իրավիճակը կրկին ծանր ու օրհասական էր, սակայն պաշտպանության նախարարի փոփոխությունը հնարավորություն տվեց ճիշտ կառավարման եւ մի քանի ամիս անց ոչ միայն կորցրածը ետ բերելու, այլ հաղթանակներ գրանցելու:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930