Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հաշվի առնելով Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի արձագանքները՝ զգուշավոր լավատեսություն ունեմ»․ Արման Եղոյան

Սեպտեմբեր 14,2022 15:16

«Կա՞ ՀՀ-ում ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտություն»,-ՔՊ պատգամավոր Արման Եղոյանից այսօր խորհրդարանում հետաքրքրվեցին լրագրողները։ «Չեմ կարող ասել, դա ռազմական գերատեսչությունը պետք է գնահատի իրադրությունը։ Իհարկե, քաղաքական թիմում քննարկվում է, բայց ես հո քննարկման սղագրությունը ձեզ չե՞մ ասելու»,-պատասխանեց Արման Եղոյանը եւ հավելեց,-«Բայց խնդրում եմ ձեր ոճի մեջ վերնագրեր չսարքեք, թե քննարկվում է ռազմական դրություն մտցնելու հարցը»։

Նկատառմանն ի պատասխան, որ դուք ռազմական ագրեսիա տերմինն եք օգտագործում, իսկ ձեր գործընկեր Գուրգեն Արսենյանը «սահմանային կոնֆլիկտ» է ասում, Արման Եղոյանը պատասխանեց․ «Ինձ քիչ խնդրեք մեկնաբանել այլ քաղաքական գործիչների բառերը։ Գուրգեն Արսենյանն այսպես է ասել, ես հիմա ի՞նչ ասեմ»։

Մեկ այլ նկատառմանն ի պատասխան, որ ըստ սահմանադրության՝ հարձակման դեպքում ռազմական դրություն է հայտարարվում, Արմեն Եղոյանն ասաց․ «Ռազմական դրությունը հայտարարվում է ըստ ռազմական կարիքների, որովհետեւ ռազմական կարիքներ կան, որոնք կարող են բավարարվել միայն ռազմական դրության ժամանակ։ Դա ՊՆ-ն է անում, ոչ թե ազգային ժողովը»։

Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ շուտով կայանալու է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ եք ակնկալում։ Արման Եղոյանը պատասխանեց․ «Շատ անկանխատեսելի է, որովհետեւ խորհրդի մշտական անդամներից բոլորն ունեն այստեղ իրենց շահերը, իսկ երեքը ՄԽ համանախագահներ են։ Անկանխատեսելի քննարկում կարող է լինել, բայց հաշվի առնելով Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի արձագանքները՝ զգուշավոր լավատեսություն ունեմ»։

Արման Եղոյանը շեշտեց՝ այնպես չէ, որ բանաձեւը պատրաստ դրած է, կարող է ընդհանրապես չլինել բանաձեւ․ «Կարող է քննարկում լինել, չեմ կարող ասել։ Այսօր կտեսնենք»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի ինքնիշխան տարածքների դեմ՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի սահմանային հատվածներից։

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930