«Մենք Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը սկսել ենք»,- ՀՀ ԱԺ-ի առաջ ցույց անող 44-օրյա պատերազմի զինվորների հարազատների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Ծնողներն անընդհատ հարցնում էին՝ ինչո՞ւ իմպիչմենտի գործընթացն արագ չի ընթանում, պատգամավորն ի պատասխան ասաց. «Դա կախված է հանրային ճնշման մակարդակից… Այսօր թուրքն իրականացնում է Սյունիքը Հայաստանից պոկելու ծրագիր, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության: Վաղն այդ գիծն անցնելու է Հյուսիսային պողոտայով: Հանրային, համազգային համընդգրկում թափ պետք է հաղորդել պայքարին»:
Լիլիթ Գալստյանի համոզմամբ՝ պետք է ստեղծել համահայկական միասնականության հարթակ, որպեսզի երկիրն այս օրհասական վիճակից հանենք: Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ իրենց հենարանը հայ ժողովուրդն է. «Ամեն վայրկյան պետք է շտապենք: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի կործանման մեղավորն է: Հանրությունը պետք է հասկանա, որ նրանց քաղաքական գոյության յուրաքանչյուր վայրկյանը կործանարար է: Պետք է ստեղծենք իշխանությանը հեռացնելու շուրջ համազգային հարթակ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ