Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ հաշվի չեք առնում, թե որն էր Ադրբեջանի նպատակը սեպտեմբերի 13-ի գիշերը»․ ՔՊ պատգամավորը՝ լրագրողներին

Սեպտեմբեր 14,2022 14:39

«Այս ամենից հետո դեռ խաղաղությո՞ւն եք ուզում թշնամու հետ»,-խորհրդարանում այսօր ՔՊ պատգամավոր Արման Եղոյանից հետաքրքրվեցին լրագրողները։ «Ձեր հարցում տրամաբանական սխալ կա։ Խաղաղությունը մեզանից չի կախված։ Ասում եք՝ դեռ խաղաղությո՞ւն եք ուզում․․․խաղաղության հակառակը պատերազմն է։ Այլ հարց է, թե ինչ ունենք, եւ այլ հարց է, թե ինչ ենք ուզում։ Հարցը տարանջատեք, ասեք՝ կստացվի՞։ Ավելի ու ավելի դժվար է դառնում այդ օրակարգը, որովհետեւ տարածաշրջանում խաղացողների շահերն ավելի ու ավելի անհամատեղելի են դառնում, էլ ո՞նց ասեմ»,-պատասխանեց նա։

Արման Եղոյանը նշեց, որ երեկ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանից եկող պահանջներից խոսեց, որոնք ՀՀ-ն բավարարել չի կարող, այդ թվում՝ միջանցքի հարցը․ «Վարչապետը Նռնաձորի անունը տվեց, Երեւանի, բայց դա է իրավիճակը։ Իրենց պահանջները մաքսիմալիստական են, եւ իրենց պահանջները միայն իրենցը չեն։ Նկատի ունեմ իրենցից ավելի խոշոր տարածաշրջանային խաղացողներին»։

Արման Եղոյանը նաեւ հարցադրում արեց․ «Ինչո՞ւ հաշվի չեք առնում, թե որն էր Ադրբեջանի նպատակը սեպտեմբերի 13-ի գիշերը, եւ արդյոք իրենք հասե՞լ են իրենց նպատակին, թե ոչ։ Ինչո՞ւ ռազմական իրավիճակի վերլուծություն չեք անում, արդյոք իրենք հասե՞լ են իրենց նպատակին։ Այն, ինչ պլանավորել էին սեպտեմբերի 13-ին․․․ամեն գործողություն ունի պլան։ Ագրեսորը պլանավորում է, թե քանի օրում ինչ է անելու, դա պարզ տրամաբանություն է»։

Հարցին՝ ըստ տրամաբանության, ցանկանում էին «Զանգեզուրի միջանցքը» վերցնե՞լ, Արմեն Եղոյանը պատասխանեց․ «Դա նպատակներից մեկն է։ Ընդ որում, հայտարարված նպատակ է, վերլուծության կարիք չունի։ Ոչ միայն դա է նպատակ։ Սա դիվերսիա է հայկական պետականության եւ ՀՀ սուվերենության դեմ»։ Հարցին՝ ո՞րն էր սեպտեմբերի 13-ի հարձակման նպատակը, Արման Եղոյանը պատասխանեց․ «Ավելին էր, քան իրենք հիմա ունեն։ Միայն դիրքերի իմաստով նկատի չունեմ, այլ գործողության լեգիտիմացման իմաստով»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իմացե՞լ ենք նախապես հարձակման մասին։ Արման Եղոյանը նկատեց՝ եթե Ադրբեջանի ՊՆ-ն մեկ ամիս հայկական կողմին մեղադրում էր սադրանքների մեջ, պարզ չէ՞ր, որ այդպես հող էր նախապատրաստում իր հարձակման համար․ «Անպայման չի փաստացի իմանալ, կարելի է հասկանալ տրամաբանելով։ Այնպես եք ասում, կարծես հեռախոսով զանգել ասել են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930