ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը
Թուրքական ձեռագիր, գենոցիդալ պատերազմ. իրողություններ և ելքեր
Ադրբեջանի սանձազերծած և վաղուց կանխատեսվող պատերազմը Հայաստանի դեմ, նրա միջազգայնորեն ճանաչված տարածքների զավթումը ոճական և գաղափարախոսական իմաստով կրկին տեղավորվում են թուրք-ադրբեջանական «մեկ ազգ, երկու պետություն» կոնցեպտի մեջ:
Թուրքիայի բացահայտ ձեռագիրն է ադրբեջանական կատարմամբ.
Կարդացեք նաև
– տևական ժամանակ խոսել և կեղծ լուրեր տարածել իբրև թե Հայաստանի կողմից սադրանքների մասին,
– օգտվել միջազգային իրավիճակի հետևանքով ձևավորված համաշխարհային ամենաթողությունից և խախտել միջազգային բոլոր գրված ու չգրված օրենքները,
– զավթել ստրատեգիական տարածքներ դրանով ավելացնելով իրենց կշիռը և պատրաստվել հաջորդ պատերազմին կամ դիվանագիտական առևտրին,
– զավթած տարածքները կոչել բուֆերային գոտի և դրանով փորձել «լեգիտիմացնել» իրենց զավթումը,
– զավթված տարածքներից ստեղծել նոր խնդիրներ, անհարմարություններ այլ տարածքների վրա ու հոգեբանորեն ճնշել և ստիպել նոր զիջումների գնալ,
– պատերազմի ընթացքում հակառակորդի բանակի՝ զինծառայողների և հնարավորության դեպքում խաղաղ բնակչության հանդեպ իրականացնել գենոցիդալ գործողություններ:
Այս ամենը առկա է Ադրբեջանի նոր սանձազերծած պատերազմի արդեն առաջին երկու օրերին. դա են վկայում նրանց և՛ քայլերը, և՛ հայտարարությունները: Սրա մասին մասնագետները խոսում էին, Սյունիքի և ամբողջ Հայաստանի հանդեպ սպառնալիքի հավանականության մասին բարձրաձայնում էին. նրանք մարգարեներ չեն, այլ մասնագետներ են, որոնց 2021 թ. ականջալուր չեղան շուրջ 680 000 Հայաստանը կործանման տարած քաղաքացիներ:
Սակայն Թուրքիայի տասնամյակներ կիրառած այս ձեռագրի ադրբեջանական կապկումը նաև հնարավորություն է Հայաստանի համար ռազմական դիմադրությունից բացի, դիվանագիտական ինտենսիվ և թիրախային «կրակահերթերով» ծնկի բերել ցեղասպան մտածողությամբ և քաղաքակիրթ աշխարհի ընկալումներից հեռու Ադրբեջանին: Ռազմական հանցագործ և ցեղասպան Էնվերի գաղափարական ժառանգ Իլհամ Ալիևը նվիրված հաղթանակի արբեցումից կորցրել է իրատեսության զգացումը և փորձում է անել այն, ինչ ավագ եղբայր Թուրքիան է արել տասնամյակներ շարունակ: Սակայն «այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին» և Ադրբեջանը կարող է Թուրքիայի պես «չմարսել» այս քայլը: Հայկական դիվանագիտությանը տրված է շանս իրականացնել շեշտակի և հաղթական հակագրոհ: Բայց այստեղ է, որ Հայաստան պետությունը բախվում է ճակատագրի հեգնանքով իրեն կառավարող պետականակործան ուժի գոյության փաստին:
Իսկ ի՞նչ է արել «պողպատե մանդատով» ուժը իր «դիվանագիտական բանակի» մարտունակության բարձրացման առումով. հեռացրել է տասնամյակների փորձ ունեցող բազմաթիվ դիվանագետների, որոնք այսօր կարող էին ուղղակի դիվանագիտական հարձակման հրավառություն կազմակերպել: Տեսնելով ահագնացող վտանգը՝ պետականակործան իշխանությունները փոխանակ ներողությամբ և գլխահակ խնդրեին փորձառու դիվանագետներին կիրառել իրենց մասնագիտական հմտությունները, նրանք արտաքին գործերի նախարարության համակարգը լցրել են իրենց քաղաքական ուժի ոչ պրոֆեսիոնալ ներկայացուցիչներով և հարմարվողական ու ստեղծագործ մտածողությունից հեռու դիվանագետներով:
Սակայն ելք կա և այդ ելքը նախկին «Ելքականների» հեռացմամբ է պայմանավորված, բայց միայն դա բավարար չէ: Այս պետականակործան ուժի անհապաղ հեռացումը, պրոֆեսիոնալ դիվանագետների վերադարձը համակարգ, ճիշտ թիրախներին դիվանագիտական արագ հարվածները և այլ անհրաժեշտ քայլերը թույլ կտան գոնե հույս ունենալ պետականության կորուստը կանխելու և այն վերականգնելու համար:
Հայաստանը ներկայումս նման է հաղթելու ներուժ ունեցող մարզիկի, ում ոտքերը և ձեռքերը հենց ռինգի մոտ կապել է իր իսկ մարզիչը. ահա այսպիսին է ՔՊ իշխանության և Հայաստան պետության հարաբերությունները:
Եթե այս օրհասական պահին քաղաքական գործիչները չեն կարողանում կամ չեն ուզում գնալ հասարակության կոնսոլիդացիայի և թեկուզ ինքնազոհության տանող պայքարի ճանապարհով, ապա պետք է ոտքի կանգնեն բարձրաստիճան հոգևորականները և ինչպես պատմության մեջ շատ անգամներ է եղել առաջնորդեն գոյութենաբանական պայքարը:
Շեքսպիրյան լինել թե չլինելը դեռ երբեք այսքան հստակ չի հնչել Հայաստան պետականության համար: