Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղազախստանն այլ դեպք էր, այնտեղ այլ շահեր էին, ՀՀ-ում այլ շահեր են»․ Արման Եղոյան

Սեպտեմբեր 14,2022 13:48

«ՀԱՊԿ-ն իր անդամներից յուրաքանչյուրի տարածքի հանդեպ ագրեսիան պետք է դիտարկի որպես իր սեփական տարածքի հանդեպ ագրեսիա։ Թե ինչպիսին է ՀԱՊԿ արձագանքը, տեսել եք։ Չեմ ուզում պերճախոս գնահատական տալ, բայց այն այնպիսին է, ինչպիսին է։ Գուցե այնպիսին է, ինչպիսին կարող էր լինել ու ոչ այնպիսին, որպիսին չէր կարող լինել։ Գուցե հնարավորությունների հարց է, չեմ կարող ասել»,-լրագրողների հետ խորհրդարանում կայացած ճեպազրույցում այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի արտահերթ նիստում որոշում է ընդունվել Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու համար:

Հարցին՝ ՀԱՊԿ-ում նախագահող ՀՀ-ն ինչո՞ւ չկարողացավ հասնել այն իրավիճակին, որը Ղազախստանի դեպքերի առնչությամբ էր, երբ ՀԱՊԿ զորամիավորումները միջամտեցին իրավիճակի կայունացմանը, Արման Եղոյանը պատասխանեց․ «Միջազգային հարաբերություններում պետությունները եւ կառույցները գործում են իրենց շահերին համապատասխան։ Այսինքն, Ղազախստանն այլ դեպք էր, այնտեղ այլ շահեր էին, ՀՀ-ում այլ շահեր են»։

Հարցին՝ ՀՀ-ն ՀԱՊԿ պայմանագրի երկրորդ՝ խորհրդակցություններ սկսելո՞ւ, թե 4-րդ՝ ռազմական օգնություն ցուցաբերելու կետով է դիմել ՀԱՊԿ-ին, Արման Եղոյանը դժվարացավ պատասխանել, ասաց, որ անվտանգության խորհրդին է պետք այդ հարցով դիմել․ «Բայց դա էական չէ։ Միջազգային հարաբերությունները շահերի մասին են, ոչ թե փաստաթղթերի»։

Ի՞նչ ենք ակնկալում ՀԱՊԿ պաշտոնյանի այցից, Արման Եղոյանը պատասխանեց՝ «չգիտեմ»։ Հիշեցնենք՝ խորհրդարանական ընդդիմությունը պնդում է, որ ՀԱՊԿ-ին պետք էր դիմել 4-րդ հոդվածով՝ ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային ի պատասխան կառույցի ռազմական օգնությունը ստանալու նպատակով, այլապես ստեղծվելու է նույն իրավիճակը, ինչ եղավ ադրբեջանական առաջին ներխուժման պարագայում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930