Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարածել են, թե ԱԺ պատգամավորների տներն ենք գնալու, անհամբեր սպասում ենք բոլորիդ, համեցե՛ք, բայց սահմանի վրա են ձեզ սպասում». Անդրանիկ Քոչարյան

Սեպտեմբեր 14,2022 13:38

Այսօր ԱԺ նիստում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է, որ տարկետում ստացած սովորողների համար զորակոչի տարիք սահմանել 28 տարեկանը՝ 27-ի փոխարեն: Կառավարությունը նաեւ կարող է տարկետում տալ այն սովորողներին, որոնց կհամարի ճիշտ՝ ելնելով գերակայություններից: Մասնագիտությունների ցանկը կսահմանի կառավարությունը: Խոսքը բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական ուղղությունների մասին է: Ներկայումս տարկետում տրվում է այն անձանց, որոնք նշանակալի նվաճում ունեն որեւէ ոլորտում: Բակալավրիատ ընդունվելիս տարկետումը տրվում է 4 տարով, մագիստրատուրայի դեպքում՝ 2 տարով, ասպիրանտուրայում՝ 3 տարով:

ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են 27 տարեկանը դարձնում 28, թող դարձնեն 29 կամ 30: Դումանյանը պատասխանեց, որ այսօր դպրոցը 12-ամյա է, 18-ը լրացած՝ նոր ավարտում են դպրոցը: 22 տարեկանում ավարտում են բակալավրիատը, 24-ում՝ մագիտրատուրան, եթե ասպիրանտուրան էլ գումարենք, կդառնա 27 տարեկան. «Գործող օրենքի պահանջով տարկետում կտրամադրվի մինչեւ 26 տարեկանը, վերջին տարում չի տրամադրվում: Ասպիրանտական կրթության երկրորդ տարում զորակոչում են բանակ, դիսերտացիան չի գրում»:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այս նախագծով բանակին տալիս են հնարավորություն՝ ինտելեկտուալ ներուժն ավելացնելու. «Մեր զինված ուժերի վստահությանը խոչընդոտող որեւէ գործողություն պետք է դատապարտվի: Պատերազմի ժամանակ չեն լինում անհանդուրժողականության իրավիճակներ: Երեկվանից սկսած ինչ-որ խմբեր, երգիչներ, պոետներ եւ դրանից բխող այլ անձնակազմ, փորձում են երկրում մեր ուժերի նկատմամբ անվստահություն սերմանեն: Չի կարող նման բան լինել: Հիմա էլ տարածել են, թե ԱԺ պատգամավորների տներն ենք գնալու, անհամբեր սպասում ենք բոլորիդ, համեցե՛ք, բայց սահմանի վրա են ձեզ սպասում: Եվ այն տղերքը, որ պարոն Աղազարյանին երեկ դոշով այսպես բրթբրթում էին, չգիտեմ ՀՀ քաղաքացի են, թե չէ, թող պատրաստ լինեն, մենք իրենց կարիքն ունենք առաջին կորպուսում, երրորդ կորպուսում: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի իրենք գան եւ աջակցեն մեր զինված ուժերին: Չկասկածեք մեր հնարավորությունների վրա, մենք ավելի ծանր օրեր ենք ունեցել նախկինում, հաղթահարել ենք, սա էլ ենք հաղթահարելու ու գնալու ենք առաջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ․ Գ․ Ի դեպ, ինքը՝ Հովիկ Աղազարյանն այս միջադեպի առնչությամբ ասել է «Ա1+»–ին․ «Երիտասարդ աղջիկ էր, ջուր շփեց․․ Շաքարից չենք, չհալվեցինք, չմեռանք։ Սարսափելի բան չեմ տեսնում։ Հիմա՝ երեւի ինչ որ բանից վրդովված էր կամ ինչ որ ցավ ուներ՝ էդ վրդովմունքն իմ վրա ինքը դատարկեց։ Ես ուրախ եմ, որ եթե իր այդ քայլը կատարելով՝ ինքը քիչ թե շատ մեղմացրեց․․․ եթե ունի, իհարկե՝ ցավ։ Եթե ունի՝ ես խոնարհվում եմ իր եւ իր նմանների առաջ։ Իսկ եթե դա արվել է 10-20 հազար դրամի առաջ՝ դա էլ թող մնա իրենց խղճին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930