Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկինում օգտագործվել է սպորտը, որ բանակում չծառայեն, հիմա մաքրում ենք անցյալը». Կարեն Գիլոյան

Սեպտեմբեր 14,2022 12:56

Այսօր ԱԺ նիստում ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր զինծառայությունից ազատել այն մարդկանց, որոնք հրավիրվել են Հայաստան՝ սպորտի բնագավառում հանդես գալու նպատակով, ստացել ՀՀ քաղաքացիություն, հետո հավաքականից դուրս եկել ու այլեւս հանդես չեն գալիս ՀՀ դրոշի ներքո. «Մենք կմաքրենք մի պատկառելի ցուցակ՝ 18 ֆուտբոլիստ, 2 բասկետբոլիստ, որոնք ժամանակին խաղացել են Հայաստանի հավաքականներում: Հիմա օրենքի հետ խնդիր ունեն ու իրենց երկրներում պարբերաբար բերման են ենթարկվում, միջամտում ենք, խնդրում ենք ազատ արձակել: Օրինակ, մեր Ֆուտզալի հավաքականի ավագը՝ Վադիմիր Սանոսյանը պարբերաբար ՌԴ-ում խնդիրներ է ունենում, ստիպված ենք լինում միջամտել: Սրանով անցյալն ենք մաքրում, հիմա արդեն կառավարության որոշումներով այդ հարցերը կարգավորված են, խնդիրներ չենք ունենում: Խնդրում եմ նախագիծն ընդունել եւ հնարավորություն տալ մարդկանց հանգիստ ապրել»:

ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը դժգոհեց, թե Գիլոյանը շատ «անշառ» ներկայացրեց նախագիծը, ասես խոսքը օտարերկրյա քաղաքացիների մասին է, այնինչ խոսքը հայազգի տղաների մասին է, որոնք ժամանակին տարբեր հանգամանքների բերումով լքել են Հայաստանը, գնացել են դարձել են խոշոր սպորտսմեններ. «Հիմա մենք ուզում ենք վերադառնան ու իրենց ծառայություները մատուցեն: Մենք սրանով նորից վատ վիճակի մեջ ենք դնում պարտաճանաչ քաղաքացուն, արդյոք արդարացի՞ է»: Գիլոյանը պատասխանեց, որ իրականում հիմնականում արտասահմանում ծնված, մեծացած մարդիկ են. «Նախագահը շնորհել է քաղաքացիություն՝ հավաքականում ընդգրկվելու համար: Այստեղ չեն ծնվել, չեն ապրել, նույնիսկ ծնողները ՀՀ քաղաքացի երբեւէ չեն եղել»:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Այստեղ կա նաեւ մաքրվելու այլ թեմա: Խոսքը նաեւ այն անձանց է վերաբերվում, որոնց տրվել է հնարավորություն բանակից խուսափելու՝ օգտագործելով սպորտային խողովակը՝ ֆուտբոլի, այլ ֆեդերացիաներ, հիմա մենք այդ կոռուպցիոն մեխանիզմի էջը մաքրում ենք ու այլեւս թույլ չենք տալու: Նախկինում նաեւ օգտագործել են սպորտը՝ կոռուպցիայով՝ մեկ օր գրանցելով ու բանակից ազատելով: Այդպես շատ շատերն են: Սա մաքրելուց հետո արժե, որ համապատասխան մարմիններն այդ ցուցակներն ուսումնասիրեն, այդպիսի որոշումներ կայացնողներին մի քանի հարցեր ունեմ»:

Գիլոյանը պատասխանեց, որ օրինակ Արազ Օզբիլիսի եղբայրը ստացել է ՀՀ անձնագիր, որպեսզի Օզբիլիսը համաձայնի գալ ու խաղալ Հայաստանի հավաքականում. «Էլի այդպիսի մարդիկ եղել են, ցավոք այո, նախկինում օգտագործվել է սպորտը, որ բանակում չծառայեն, հիմա մաքրում ենք անցյալը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930