Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք ուզում, որ աշխարհը մեր ցավը նավթահորերով չափի». ցույց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

Սեպտեմբեր 14,2022 12:44

Ադրբեջանի ագրեսիայի դեմ սանկցիաների կիրառման պահանջով բողոքի ցույց կայացավ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց: «Այսօր ադրբեջանական կողմը պատերազմ է հայտարարել Հայաստանին: Մենք եկել ենք միջազգային կառույցներից խնդրելու, հորդորելու, որ եթե կա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ հասկացությունը, ապա այն պետք է անդամ-երկրների համար նման դեպքերում միջամտություն ունենա: Պետք է քայլեր ձեռնարկեն ագրեսոր պետություններին սանձելու համար: Մենք ուզում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ հնարավորինս արագ պատժամիջոցներ կիրառվեն: Չենք ուզում, որ աշխարհը մեր ցավը դարձյալ նավթով ու հանքահորերով չափի, որովհետեւ այսօր սահմանին զոհվում են 18 տարեկան տղաներ: Այդ տղաների մահը ծանրանալու է հենց միջազգային հանրության խղճին, որովհետեւ քայլ չարեցին ադրբեջանական ագրեսիան զսպելու համար»,-ասաց ցույցի մասնակիցներից Արմինե Մելքոնյանը:

Ցույցի մասնակիցները նշեցին, որ ցանկություն ունեն հանդիպել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ եւ ներկայացնել, թե ինչպես են Վարդենիսում, Սոթքում, Ջերմուկում եւ Սյունիքում կրակում նաեւ խաղաղ բնակիչների վրա: «Դա պատերազմական հանցագործություն է, մենք ուզում ենք բարձրաձայնել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների մասին, Ադրբեջանին չպետք է թվա, որ իր գործողություններն արդարացված են ցանկացած ֆրոնտում»,-ասաց նա: Ցույցի մասնակիցը կոչ արեց տանը նստածներին եւս միանալ բողոքի գործողություններին:

Տիկնանց ի վերջո, ընդունեցին ՄԱԿ-ի գրասենյակում: Նրա խոսքով, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան ամբողջովին լծված է Հայաստանից դեպի ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ ինֆորմացիա տեղափոխելով, սակայն իրենց ակնկալիքները բավարարված չեն. «Ակնկալում էինք, որ այսօրվա նիստը պետք է լինի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին, սակայն զուտ փաստերի ներկայացման մասին է լինելու… Ցավոք, մեր դիվանագիտական կորպուսը կաղում է, եւ այսօր էլ հարիսայով լցված կաթսայի մոտ կանգնած ենք թղթե շերեփով»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930