Սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերից սկսած, Ադրբեջանը ինտենսիվ ռազմական գործողություններ է իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ Ջերմուկ, Գորիս, Կապան քաղաքներում և Սոթք, Արտանիշ և Իշխանասար գյուղերում: Ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հետևանքով Հայաստանի զինված ուժերը տվել են արդեն իսկ զգալի թվով զոհեր։ Տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը կրկին վտանգված են։
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) 2020 թ.-ի արցախյան պատերազմից և կնքված եռակողմ զինադադարից ի վեր քաջատեղյակ է, թե Ադրբեջանի նմանօրինակ և պարբերական ռազմական գործողությունների և միջազգային նորմերի խախտման ետևում ինչ օրակարգ է թաքնված։ Մենք նաև գիտակցում ենք, թե ադրբեջանական լայնածավալ հարձակումներն ինչ մարդկային կորուստների կարող են հանգեցնել։ Ուստի, կոչ ենք անում միջազգային հանրությանը, աշխարհասփյուռ հայությանը և բարի կամքի տեր անհատներին միավորվել և պայքարել Ադրբեջանի անօրեն գործողությունների դեմ։ Ակնհայտ է, որ ադրբեջանական ռազմական ագրեսիան միտված է Հայաստանի սահմանամերձ համայնքները թիրախավորելով տարածաշրջանում գերիշխող դիրք գրավելուն։
Հետևաբար, վերոնշյալ աղետը կանխելու համար առաջնային է ներքաղաքական պառակտումներն ու անհամաձայնություններն անհապաղ մի կողմ դնելը։ Կոչ ենք անում մեր հայրենակիցներին համախմբվել և ուժերն ու ռեսուրսները լիակատար օգտագործել հայրենիքի գոյությանը սպառնացող այս վտանգին դիմակայելու համար։ ՀԲԸՄ-ն, հավատարիմ մնալով իր առաքելությանը, պատրաստակամ է ներդնել իր ողջ ներուժը՝ ի նպաստ ազգի և պետության բարօրության։
Կիսելով մեր հայրենակիցների վիշտը՝ խորապես ցավակցում ենք ադրբեջանական սադրանքների արդյունքում զոհված զինծառայողների և քաղաքացիների հարազատներին։
Կարդացեք նաև
ՀԲԸՄ