«Հարկային ծառայության մասին օրենքում» գործող օրենքով ՊԵԿ նախագահի որոշմամբ էին պաշտոնների նշանակվում ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնյաներին՝ առանց մրցույթի: Հիմա առաջարկվում է փոխել ու մրցույթային ընթացակարգով պաշտոնների նշանակել՝ ներառելով նաեւ բարեվարքության ստուգման բաղադրիչ:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը այսօր ԱԺ-ում նախագիծը ներկայացնող ՊԵԿ փոխնախագահ Ծովինար Սողոմոնյանին հորդորեց պարզ օրինակով ներկայացնել, թե ինչ է տեղի ունենալու դրա արդյունքում, որովհետեւ ՊԵԿ-ում մեծ կադրային փոփոխություններ են լինում: Նա պատասխանեց, որ հիմա մրցութային կարգ են սահմանում, իսկ բարեվարքության ստուգման բաղադրիչը արդեն իսկ կիրառում են մաքսային ծառայողների մրցույթների իրականացման ժամանակ. «Այս գործընթացը մի քանի փուլերից է բաղկացած: Առաջնահերթ նախ ստուգում ենք մասնակցի որոշակի գիտելիքները՝ լեզուների իմացություն, համակարգչային գիտելիքներ, մասնագիտական կարճ թեստավորում է անցնում: Դրանից հետո մասնակիցը լրացնում է բարեվարքության հարցաթերթիկ, որը միջազգային փորձի հիման վրա մշակված է, ու պատասխանում են մի շարք հարցերի՝ սկսած առկա գույքից, ֆինանսական միջոցներից, դրանց ծագման աղբյուրներից, վերջացրած քրեական ենթամշակույթին հարելով կամ քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության որեւէ իրավիճակում անցած լինելու հանգամանքով: Բանավոր հարցազրույցի ժամանակ այս հարցաթերթիկը հաշվի են առնում: Այս ընթացակարգերով մենք Արարատյան մաքսատան վարչության աշխատակիցների մրցույթի գրեթե վերջին փուլին ենք հասել: Այս ընթացքում շուրջ 2000 դիմորդներ են եղել՝ տարբեր փուլերից դուրս են մնացել ու բարեվարքության հարցաթերթիկ լրացրել են 700-ը: Ներկայումս գործնական պարապմունքներ են, մեկ շաբաթ անց քննությունները կլինեն, որի արդյունքում կնշանակվեն համապատասխան պաշտոնների»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ