Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հարգելի գործընկերներ, պատկերացրեք մի իրավիճակ, երբ ձեր տանը հեռուստացույցը միացրած է, բայց առանց ձայնի». Բաթոյանը ներկայացրեց նոր նախագծերը

Սեպտեմբեր 14,2022 12:11

Այսօր ԱԺ նիստում քննարկվեց ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանի հեղինակած «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Օրենքով կարգավորված չէ հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողներին հատուկ դասագրքերով ապահովելու հարցը: Տեսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ դպրոցում, որտեղ կրթությունը կազմակերպվում է  բրայլյան դասագրքերով ու տետրերով, այդ գրքերի տպագրության եւ ուսումնառության համար անհրաժեշտ նյութերով ապահովելու պահանջը օրենքով ամրագրված չէ: Տեսողության խանգարում ունեցող երեխաների դասագրքերը ու կրթական նյութերը մշտապես ձեռք են բերվել բարերարների եւ բարեգործական կազմակերպությունների միջոցներով:

Հիմա առաջարկվում է սահմանել պետական պարտավորություն, որ հատուկ կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերն ու ուսումնառության այլ նյութերը ապահովեն բյուջեի միջոցներով:

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ կառավարությունը դրական եզրակացություն է տվել: Նա նաեւ տեղեկացրեց, որ նախադպրոցական կրթության ոլորտում ներառականության ապահովման մասով աշխատանքները սկսված են: Ինչ վերաբերում է դասագրքերին, հաջորդ տարի բյուջեով նախատեսել են ավելի քան 35 մլն դրամ՝ բրայլյան դասագրքերի համար:

Զարուհի Բաթոյանը ներկայացրեց նաեւ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է ապահովել լսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար տեղեկատվության մատչելիությունը. «Հարգելի գործընկերներ, պատկերացրեք մի իրավիճակ, երբ ձեր տանը հեռուստացույցը միացրած է, բայց առանց ձայնի ու դուք այդ ձայնը միացնելու հնարավորություն ունեք միայն 1 ժամ՝ լրատվական հաղորդման ժամանակ եւ, եթե կա մանկական հաղորդում՝ այդ մանկական հեռուստահաղորդման եթերում էլի օրական 1 ժամ: Լսողության խնդիրներ ունեցող մարդիկ չեն կարող օգտվել կրթական, առողջապահական, մշակութային, ժամանցային բնույթի հեռուստածրագրերին հաղորդակից լինելու, այդ թվում՝ ֆիլմեր դիտելու հնարավորությունից: Նրանք զրկված են նաեւ պաշտոնական ուղիղ եթերներից տեղեկատվություն ստանալու, ինչպես նաեւ արտակարգ կամ ռազմական դրության ռեժիմի ընթացքում տեղեկատվություն ստանալու հնարավորությունից: Հեռուստաեթերում հեռարձակվող սոցիալական գովազդը ժեստերի լեզվով ուղեկցվում է միայն պատվիրատուի ցանկությամբ, ինչը նույնպես սահմանափակում է տեղեկատվության մատչելիությունը:

Հիմա առաջարկվում է այդ բացը լրացնել, մանկական հաղորդումների դեպքում ամրագրել ժեստերի լեզվով հեռարձակման պահանջ, իսկ ֆիլմեր հեռարձակելու դեպքում ամրագրել օրական առնվազն 1 ֆիլմ ժեստերի լեզվով կամ ենթագրերով թարգմանությամբ հեռարձակելու պահանջ: Հանրային հեռարձակողների համար լրացուցիչ պահանջ է ամրագրվելու՝ ապահովել ժեստերի լեզվով կամ ենթագրերով թարգմանությամբ շաբաթվա ընթացքում առնվազն մեկական կրթական, մշակութային, առողջապահական եւ ժամանցային բնույթի հաղորդում: ՀՀ տոներին եւ հիշատակի օրերին կազմակերպվող միջոցառումների ուղիղ եթերները, վարչապետի, ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, կաթողիկոսի ուղիղ եթերով հեռարձակվող ելույթները, ուղերձները, նախապես ծրագրված հարցազրույցները նույնպես կլինեն ժեստերի լեզվով թարգմանությամբ: Օրենսդրական փաթեթով «Լեզվի մասին» ՀՀ օրենքով նաեւ սահմանվում է ժեստերի լեզու հասկացությունը, իրավական հիմքեր են ստեղծվում՝ ԱԺ նիստերը հայերեն ժեստերի լեզվով թարգմանությամբ կազմակերպելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930