44-օրյայից հետո երկու տարի մենք անընդհատ գրում ենք, որ անհրաժեշտ է բոլոր ոլորտներում հստակ համակարգում, տնտեսության մոբիլիզացում եւ ռազմականացում, որովհետեւ մարտահրավերներին համահունչ բանակ, անվտանգություն, պաշտպանական համակարգեր, զարգացած ենթակառուցվածքներ ունենալու համար պետք է ունենանք իրական տնտեսություն։ Որովհետեւ առանց զարգացած տնտեսության, մենք չենք ունենա կայուն պետություն։ Իսկ սա ենթադրում է, որ թույլ լինելով՝ միջազգային հարթակներում, որպես պետություն, հարգանք վայելել չենք կարող։
Ի վերջո, մենք թմրելու իրավունք չունենք։ Պատերազմի մտքերը վանելով` հնարավոր սպասվելիք պատերազմը չեն կանգնեցնում։ Պատերազմը կանգնեցնում են դրան պատրաստ լինելով։ Իսկ պատրաստ լինելու համար պետք է ունենալ տնտեսություն։ Որովհետեւ երբ տնտեսապես թույլ ես լինում, «համագործակցություն» որակվող շատ ուղղություններ սպառնում են պարանոցիդ շուրջ սեղմօղակով։ Որովհետեւ երբ տարեկան շուրջ 3 մլրդ դոլարի եկամուտ ես ունենում եւ պետական պարտքդ եռապատիկ գերազանցում է եկամուտդ, արտաքին պարտք ներգրավելով ու ընթացիկ խնդիրներ լուծելով՝ տնտեսություն չես զարգացնում։ Մինչդեռ այդ պարտքերի վերադարձը պետք է ապահովվի հենց տնտեսության գեներացրած ավելացված արժեքի հաշվին, իսկ եթե դա առկա չէ, ստիպված նոր պարտքերի ներգրավման ճանապարհով, ինչը ավելի է թուլացնելու մեր տնտեսության եւ, ըստ այդմ, մեր երկրի դիրքերը։ Կրկնում ենք՝ եթե մեր երկրի տնտեսությունն արմատապես չվերակառուցվի ու չզարգանա, մեր հանդեպ թշնամու ագրեսիվ հավակնություններն ավարտ չեն ունենա։
Ի վերջո, աշխարհաքաղաքական իրավիճակի թելադրանքն է, եւ տնտեսագետները մեկ անգամ չէ, որ խորհուրդ են տվել, որ ճիշտ կլինի, որ ամբողջ տնտեսությունը ծառայեցվի ռազմարդյունաբերության առաջանցիկ զարգացմանը, եւ անցում կատարվի պլանային կառավարման։ Մենք այնպիսի բարդ իրավիճակում ենք, որ եթե չապահովենք Հայաստանի անվտանգության համար անհրաժեշտ նվազագույն պայմաններ, ապա որեւէ արտաքին ուժ դա չի ստանձնի մեր փոխարեն։ Եթե ուզում ենք ոտքի կանգնել, ապա կկանգնենք։ Եվ դրա համար ընդամենը մեկ պայման բավարար է՝ մեկ գաղափարի շուրջ համախմբվելը։ Ու այդ գաղափարը մեր հայրենիքի հզորացումն է։ Եթե այս մեխը դնենք բոլոր ոլորտներում, գալիք հաղթանակները բնական իրողություններ կդառնան։
Եվ վերջում՝ եթե թշնամու հարեւանությամբ ես ապրում, մարտահրավերներն ամենօրյա են, ուստի բաց աչքերով քնելը պարտադիր պայման է։ Իսկ զարգացած տնտեսություն ունենալը մեր «բաց աչքն» է՝ մեր զգոնությունը։ Չունեցա՞նք, փաստելու ենք իրականությունը։ Այլընտրանք չունենք՝ պարտավո՛ր ենք ուժերի ամբողջ լարումով փոխել իրավիճակը։
Կարդացեք նաև
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: