Ադրբեջանն ու Թուրքիան՝ ընդդեմ Հայաստանի տարածքային ամբողջականության
Բրյուսելում օգոստոսի 31-ին Միշել-Փաշինյան-Ալիեւ հանդիպումից ընդամենը երեք օր անց հրապարակվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հարցազրույցը իտալական Il Sole 24 Ore թերթին, որում նա պատմում էր, թե՝ մի քանի ամսվա ընթացքում կողմերին կհաջողվի ավարտին հասցնել աշխատանքը եւ խաղաղության պայմանագիր կնքել. «Ես հավատում եմ, որ մի քանի ամսվա ընթացքում մենք կարող ենք ավարտին հասցնել աշխատանքը եւ խաղաղության պայմանագիր կնքել։ Եթե հայկական կողմը նման կամք դրսեւորի, ապա, իմ կարծիքով, դա իրական է»։
Սակայն այս հայտարարությունից մի քանի օր անց Ալիեւը բարձրաձայնեց, որ Ադրբեջանը կշարունակի ամրապնդել զինված ուժերն ու պաշտպանունակությունը: Պաշտոնական Բաքուն գործակցում է ավելի քան հինգ տասնյակ երկրների առաջատար ընկերությունների հետ՝ հզորացնելու համար իր զինանոցը, ասաց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանը կշարունակի ամրապնդել երկրի զինված ուժերն ու պաշտպանունակությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ժամանակակից զենքի, ռազմական տեխնիկայի, զինամթերքի, նյութատեխնիկական միջոցների եւ այլ նյութական ռեսուրսների արտադրության վրա։
Մի քանի օր անց արդեն Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 31-ին Բրյուսելում չեն կարողացել պայմանավորվածություններ ձեռք բերել երկկողմ օրակարգի կարեւորագույն հարցերի շուրջ. «Պիտի ասեմ, որ այդ հանդիպման ընթացքում ամենակարեւոր կամ մեզ հուզող ամենակարեւոր հարցերի վերաբերյալ մեզ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել, խոսքը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ է, բայց մյուս կողմից էլ` մենք երկուստեք՝ ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը արձանագրում են խաղաղության հասնելու եւ խաղաղություն արձանագրելու իրենց ցանկությունը»։ Նա հավելել էր, որ Ադրբեջանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, եւ այլեւս քննարկելու բան չկա։ «Մեր դիրքորոշումը եւ ակնհայտորեն միջազգային հանրության դիրքորոշումը չի համընկնում Ադրբեջանի դիրքորոշման հետ»,- նշել էր Փաշինյանը` հավելելով, որ Բաքվի տեսակետը այդ հարցում չի կիսում նաեւ Մոսկվան։
Կարդացեք նաև
Մինչ Հայաստան ու Ադրբեջան էր ժամանում ամերիկացի բանագնացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը, Բաքու շտապեց Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը` քննարկելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարները:
Ռուս-ադրբեջանական բանակցությունների մասին մանրամասներ հայտնի չեն: Սակայն պարզ էր, որ Բրյուսելի եռակողմ բանակցությունների անցկացման փաստը Մոսկվայի համար ուղղակի անընդունելի էր: ՌԴ ԱԳՆ-ն ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բրյուսելի ջանքերն անգամ «կեղծավորություն» անվանեց…
Հայաստան-Ադրբեջան բանակցային անարդյունավետությունը, Երեւանի ու Բաքվի դիրքորոշումների տարբերությունը մի կողմից, մյուս կողմից՝ Հայաստանի դիրքորոշումային որոշակի նմանությունը Արեւմուտքի հետ՝ կապված ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության շարունակման հետ, պետք է ենթադրել, որ Բաքվի ու Անկարայի համար ամենաանցանկալի մթնոլորտն էին:
Ամենակարեւոր հանգամանքը՝ Անկարան ու Բաքուն Մոսկվայի հետ այնպիսի հարաբերությունների մակարդակ են ապահովել, որ իրենց ազատ են զգում իրենց պատկերացումներին հակառակ ցանկացած իրավիճակում դիմելու ռազմական գործողությունների՝ արդեն ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Այո, Ռուսաստանն այսօր բարդ իրավիճակում է հայտնվել՝ Ուկրաինայում պատերազմի հետեւանքով, բայց փաստը, որ Թուրքիան ու Ադրբեջանը հարձակում են գործում ընդդեմ մի պետության, որտեղ ռուսական ռազմաբազա կա, արդեն իսկ բավական է արձանագրելու, թե որքան ազատ, անկաշկանդ են իրենց զգում ու որքան անպատժելի են իրենց համարում:
Թե Անկարան, թե Բաքուն եւ թե արեւմտյան երկրները արդեն հստակ գիտեն, որ Մոսկվան անգամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի պաշտպանելու ոչ գործողություններով, ոչ էլ անգամ հայտարարությունների տեսքով:
Գրեթե 2 շաբաթ Ադրբեջանն ակնհայտորեն հող էր նախապատրաստում՝ ռազմական գործողությունների սկսելու համար՝ շարունակաբար հայկական կողմի կեղծ մեղադրանքներ հնչեցնելով: Դրան զուգահեռ՝ Ադրբեջանի ՊՆ-ում կայացած խորհրդակցության ժամանակ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարեց, որ՝ «Ադրբեջանի բանակին հրամայվել է մշտապես պատրաստ լինել Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանին հայկական զինված ուժերի հնարավոր սադրանքների անհապաղ եւ վճռական կանխմանը»։
Դեռ այս ամսվա սկզբին Գյանջայում Ադրբեջանի եւ Թուրքիայի օդային ուժերը համատեղ զորավարժություններ անցկացրեցին: Այդ օրերին Բաքու էր ժամանել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը:
Անկարայի ու Բաքվի ռազմական հակագործակցության հիմքերն էլ ավելի կնքվեցին 44-օրյա պատերազմից հետո՝ 2021թ. հունիսին ստորագրված Շուշիի հռչակագրով: Բայց այս փաստը ամենեւին չէր անհանգստացնում Մոսկվային: Թուրքիայի իշխանություններն աջակցում են Ադրբեջանի բանակաշինությանը, ադրբեջանական զինուժի ու զինտեխնիկայի կատարելագործմանն ու զարգացմանը: Վերջին մի քանի տարիներին երկու երկրների ռազմավարական սերտ համագործակցության շրջանակներում թուրք-ադրբեջանական ցամաքային, ծովային ու օդային ուժերի համատեղ զորավարժությունները պարբերական բնույթ են կրում: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ էլ թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ մարտավարական վարժանքներ անցկացվեցին՝ նաեւ Նախիջեւանում: Իսկ այս օրերին Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերը մասնակցում էին Թուրքիայում անցկացվող միջազգային զորավարժություններին: «Անսահման եղբայրություն-1» խորագրով վարժանքները ծրագրված էին մինչեւ սեպտեմբերի 22-ը:
Ընդդեմ Հայաստանի սանձազերծած Ադրբեջանի նոր ռազմական գործողությունների հաջորդ օրը՝ սեպտեմբերի 13-ին, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի խորհրդարանում հանդես եկավ ելույթով, որից կարելի է եզրակացնել՝ Հայաստանը հայտնվել է անելանելի իրավիճակում: Նրա ելույթի պահին դեռ որեւէ պետություն չէր դատապարտել Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ ՀՀ-ի: Պարզ դարձավ, որ Հայաստանի կառավարությունը սպառազինություն գնելու համար ֆինանսական խնդիրներ չունի, սակայն ունի ավելի խորքային խնդիր: «Կան երկրներ, ովքեր պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին, բայց կան նաեւ երկրներ, ովքեր պատրաստ չեն այն փաստին, որ Հայաստանը զենք գնի այն երկրից, որը պատրաստ է մեզ զենք վաճառել։ Կարող ենք ասել, թե պատրաստ չեն, պատրաստ չեն՝ իրենց գործն է, բայց սա իր հետեւից բերում է հետեւանքներ՝ այդ թվում անվտանգային։ Սովորաբար զենք գնում են անվտանգային սպառնալիքը կառավարելու համար, բայց լինում են իրավիճակներ, որ զենք գնելը կապված է անվտանգային նոր սպառնալիքների առաջացման հետ»,- ասաց Փաշինյանը։
Այսպիսով, Հայաստանը բանակի հզորացման ու ամրապնդման, Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ՀՀ դիրքորոշումների պաշտպանության, գործընկեր պետությունների հետ ՀՀ շահերին համահունչ արդյունավետ համաձայնությունների հասնելու հարցում ունի բացարձակ ապաշնորհ իշխանություն:
Իսկ հայաստանյան քաղաքական էլիտայի հույսը դարձյալ Պուտինն է, որը, ըստ նրա խոսնակի՝ «գործադրում է բոլոր ջանքերը» հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունացնելու համար։
Այս իրավիճակն իր հերթին փաստեց այն մասին, թե որքան արհեստածին էր նոյեմբերի 9-ից հետո հայտարարված «խաղաղության օրակարգը»: Դրանք միայն բառեր էին, որոնց հետեւում Ադրբեջանը լիովին այլ «օրակարգով» էր առաջնորդվում ու այլ «օրակարգ» էր առաջ մղում: Միակ անսպասելի բանն այն է, որ Հայաստանի իշխանությունները նոր են այս իրողությունները նկատում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 14.09.2022