Լրահոս
Օրվա լրահոսը

Ով կպարտադրի «խաղաղության օրակարգը»

Սեպտեմբեր 14,2022 10:00

Վարչապետ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում ինֆորմատիվ էր այնքանով, որ բացահայտում էր Ալիեւի դիրքորոշումը բրյուսելյան բանակցություններում: Ճիշտն ասած՝ Ադրբեջանի նախագահի այլ ելույթներից կարելի էր հասկանալ, թե որոնք են նրա ծրագրերը: Պարզապես մեր իշխանավորները երբեմն ձեւ էին անում, թե իբր ինչ-որ «կառուցողական երկխոսություն» է տեղի ունենում, եւ մեկ-մեկ էլ Ադրբեջանից եւ Թուրքիայից գալիս էին «դրական ազդակներ»:

Իշխանության նման կեցվածքն, ինձ թվում է, սխալ է երկու պատճառով: Նախ՝ սեփական ժողովրդին խաբելը լավ բան չի: Երկրորդ՝ «խաղաղության օրակարգի» մասին գերլավատեսական հայտարարությունները կարող են հակառակորդի մոտ հույսեր արթնացնել, թե Հայաստանը պատրաստ է կատարել Ալիեւի բոլոր պահանջները: Այդպիսով, հիշյալ «օրակարգի» մասին նման պնդումները դիվանագիտական առումով լուրջ սխալ են:

Ի դեպ, նույնքան վտանգավոր են, իմ կարծիքով, զենք գնելու մասին վարչապետի, մեղմ ասած, ոչ այնքան հասուն դատողությունները: Դրանք, կարծում եմ, նեղացնում են մանեւրելու մեր հնարավորությունները՝ աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի փոփոխության դեպքում:

Եվ այսպես, Փաշինյանը բացահայտել է բրյուսելյան բանակցություններում Ալիեւի իրական դիրքորոշումը: Ըստ այդմ, Ադրբեջանի նախագահը՝

1/ խաղաղության պայմանագիր չի կնքելու,

2/ հայկական կողմի առաջարկությունները չի ընդունում,

3/ ուզում է սուվերեն միջանցք Հայաստանի տարածքով,

4/ ընդհանարապես ուզում է ամեն ինչ՝ «Նռնաձորից մինչեւ Երեւան»:

Ամեն ինչ, կարծում եմ, ճշգրիտ է նկարագրված: Միայն թե պարզ չէ. թե ինչու այդ ամենը շարադրելուց հետո կրկին խոսվում է «խաղաղության օրակարգն» առաջ տանելու մասին: Վարչապետի ելույթի ամբողջ շարադրանքն ապացուցում է, որ նման օրակարգ այս պահին չկա:

Ովքե՞ր պետք է պարտադրեն այդ «օրակարգը»՝ Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիա՞ն: Այդ երկրների ներկայացուցիչները շատ ճիշտ, ինչպես ասում են՝ «հասցեական» հայտարարություններ են անում: Բայց նրանք իրենց ունեցած անգամ տնտեսական լծակները չեն օգտագործի Ադրբեջանի դեմ՝ նավթը, հատկապես հիմա, նրանց համար կարեւոր է: Ի տարբերություն արեւմտյան պետությունների՝ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն անում են «անհասցե» հայտարարություններ («կոչ ենք անում երկու կողմերին»), ինչը եւս մեկ անգամ վկայում է, որ ինչպես 2016 եւ 2020 թվականին, այնպես էլ այսօր, Ռուսաստանը, եթե չի խրախուսում, ապա չի էլ խոչընդոտում Ադրբեջանի գործողություններին: Դա պետք էր հաշվի առնել Բրյուսել եւ Վաշինգթոն գնալուց առաջ:

Երեւի նոր բան ասած չեմ լինի, եթե պնդեմ, որ «խաղաղության օրակարգը» կարող է պարտադրել միայն հայկական բանակը, որի մասին պետք է խոսել սիրով, ակնածանքով: Ցավոք, իշխանության հայտնի գործողությունները (մասնավորապես, 2020 թվականի պարտության «մեղավորներ նշանակելու» ուղղությամբ) չեն նպաստում մեր բանակի ուժեղացմանը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Nimar says:

    Իմ տեսանկյունից խաղաղության օրակարգը պատերազմում կրած պարտության հետևանքն է, դա այն գինն է, որը մեզ ստիպում են վճարել և՛ դաշնակիցները, և՛ թշնամիները։ Եվ այս հարցում նրանք բացարձակապես միակարծիք են, թեև տարբեր դրդապատճառներով։ Երբ մենք պատրաստ լինենք մարտահրավեր նետել համաշխարհային հանրությանը` դառնալով Հյուսիսային Կորեայի նման մի բան, ապա մենք կարող ենք փորձել դա անել:
    Ինչ վերաբերում է զենքի ձեռքբերման հետ կապված վարչապետի ելույթի գնահատականին, ապա աշխարհաքաղաքական իրավիճակի ցանկացած փոփոխություն շատ երկար ժամանակ էապես չի ազդի ձեռք բերվող զենքի կազմի և կառուցվածքի վրա։ Իսկ այժմ հասանելիի մեծ մասը կշահագործվի տասնամյակներ շարունակ՝ պահանջելով արդիականացում և պահեստամասերի տրամադրում արտադրողի կողմից: Սա այն գինն է, որը մենք պետք է վճարենք 1997 թվականի պայմանագրի համար: Պետք չէ հրաշքի հույս ունենալ, բոլոր հրաշքները նախապես լավ պատրաստված են։
    Եթե ​​մենք ինքներս կարող ենք զենք ստեղծել, ապա դա բոլորովին այլ խնդիր է։ Հենց այս ոլորտում է, որ մենք իսկապես կարիք ունենք մեր սփյուռքի: Փառատոնները, համագումարները և ամառային դպրոցները զվարճալի են, բժշկական սարքավորումները, բարեգործական և բիզնես նախագծերը օգտակար են: Այնուամենայնիվ, տեխնոլոգիաները, նյութերը, սարքավորումները շատ «զգայուն» ոլորտներում առայժմ միակ հույսն են։

  2. Հայկ Համբարձումեան says:

    ձեր կետերէն կը պակսի (վստահ եմ անուշադրութեամբ)
    5 – արցախը ճանչնալ ազրպէյճանի մաս

    չէ՞ք տեսներ, որ ստախօս ձեր վարչապետի ելույթի ամբողջ շարադրանքն ապացուցում է որ ինքը եւ իր խումբը վերի 5 կետերը տարածելէ ետք պատրաստ չեն նոյնիսկ “մեզ համար անընդունելի է” ըսել.

    կը բաւէ ինքնախաբէութեամբ ժամանակնիդ վերլուծութիւններով վատնէք, աւելի լաւ է որոշէք ինչպէս ձերբազատիլ այս վարչապետէն.

  3. Aha says:

    ”… հայկական բանակը, որի մասին պետք է խոսել սիրով, ակնածանքով”

    Talking is done well, the problem is actions! Since 2018 the Premier’s speeches on loving the army, freeing it from corruption, improving food, and distributing dozens of medals and hero titles testifies that from a PR perspective all is well. One only has to remember some names to understand want went on in reality: Yuri Kachaturov, Mikael Harutunyan, Seyran Ohanyan, generals who either had to flee the country or were taken to court, and nothing incriminating was found on them since 2018.

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930