Լրահոս
Օրվա լրահոսը

Միանգամից կշնորհավորենք «Անգին գանձ»-ում շահած մեր անգին գանձին

Սեպտեմբեր 14,2022 12:30

Կարինե Խոդիկյանը հեղինակավոր մրցանակի հավակնորդների թվում է

«Ավետին կաթվածը գամեց անկողնուն։ Անետը էլի ամեն գիշեր գնում էր հաց թխելու, մինչեւ մի լուսադեմի տուն մտնելով՝ տեսավ Ավետի շնորհակալ հայացքն ու հասկացավ՝ ինչ է ուզում ասել իրեն. տան մեջ միայն հացի բույրն էր, այդ գիշեր թխված հացի, որի խմորը, վերջին ուժերը հավաքելով ու լացի հետ խառնելով, հունցել էր Անետը։ Կինը նստեց ամուսնու կողքին, բռնեց ձեռքն ու օգնեց նրան անցնել վերջին վայրկյանների միջով, շշնջաց այն բառերը, որոնք ցույց էին տալու վերջին ճանապարհի սկիզբն ու կարողացավ կարդալ նրա վերջին խոսքերը՝ խամրող աչքերի մեջ։ Անետը գիտեր, որ իր Ավետը հանգիստ է, որովհետեւ տանը մնացել է միայն հացի բույրը, իսկ մեռելահոտը, որ խարան էր դարձել իրենց ընտանիքի համար, քիչ առաջ տնից դուրս եկավ ու նոր տուն է փնտրում…»:

Սա հատված է ճանաչված գրող, դրամատուրգ, սցենարիստ Կարինե Խոդիկյանի «Հացի ու մահվան հոտը» պատմվածքից։ Վստահ ենք, որ այս մի քանի տողը կարծես ներկայացնում է պատմվածքի բովանդակությունն ամբողջությամբ։ Մեր դիտարկմամբ՝ հեղինակի ցանկացած ստեղծագործության մեջ կա նման հատված։ Հիշյալ պատմվածքը Տատյանա Մարտիրոսյանի թարգմանությամբ 2021թ. տպագրվեց մոսկովյան «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում, իսկ օրերս penrus.ru էլեկտրոնային պարբերականից տեղեկացանք, որ գրող, սցենարիստ եւ դերասան Ֆազիլ Իսկանդերի միջազգային գրական մրցանակի ժյուրին հաստատել է եզրափակիչ անցած 29 հեղինակի եւ 4 թարգմանչի անուններ, որոնց թվում է Կարինե Խոդիկյանը. նրա «Հացի ու մահվան հոտը» պատմվածքը տեղ է գտել «Անգին գանձ» անվանակարգում։ Ընդ որում, ժյուրին ընտրությունը կատարել է 158 աշխատանքից։ Մրցույթի աշխարհագրությունը լայն է՝ Մոսկվայից ու Սանկտ Պետերբուրգից մինչեւ ռուսաստանյան այլ քաղաքներ, ինչպես նաեւ Աբխազիա, Հայաստան, ԱՄՆ, Տաջիկստան եւ այլն։ Մրցույթի հաղթողները կհայտարարվեն ընթացիկ տարվա վերջին՝ դեկտեմբերին։ Այս լուրն արդեն պտտվում է մեր արվեստագետների շրջանում։ Նրանցից ոմանք՝ ովքեր դեռ չեն հասցրել շնորհավորել Կարինե Խոդիկյանին ծննդյան հոբելյանի առիթով, կատակում են, թե ողջ տարին հոբելյանական է նրա համար, սպասենք մինչեւ դեկտեմբեր, միանգամից կշնորհավորենք «Անգին գանձ»-ում շահած մեր անգին գանձին։

Ինչպես գրողական շրջանակներում են ասում՝ Խոդիկյանի ստեղծագործություններն արդիաշունչ են ու խոհական։ Առիթի դեպքում նշվում են արվեստագետի «Պիեսներ», «Մեռյալ սիրո փողոցը», «Երկու պիես», «Խաղի ժամանակը», «Ցելոֆանե երջանկություն» եւ այլ պատմվածքների ու պիեսների ժողովածուները։ Դրամատուրգը իր գործունեության ընթացքում իսկապես մրցանակների պակաս չի զգացել։ Ասվածի վկայությունն են հանրապետական եւ միջազգային թատերական փառատոների մրցանակները, այդ թվում՝ հայաստանյան «Արմմոնո» թատերական միջազգային փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Երկրորդ կտակը» ներկայացման համար, նույն փառատոնի լավագույն ներկայացում է ճանաչվել «Տրակտատ թաշկինակի մասին» պիեսը։ Ի դեպ, «Երկրորդ կտակը» պիեսը դափնի է շահել նաեւ Ֆիլիպիններում կայացած փառատոնում։ Գերմանիայում անցկացված «Պատմություններ առանց սահմանի» մրցանակաբաշխության առաջին հորիզոնականում են հայտնվել հայ դրամատուրգի «Վիճակախաղ», «Պատերազմի կանայք» պիեսները եւ այլն։ Կարինե Խոդիկյանի սցենարով «Ընդհատված մանկություն» ֆիլմը «Ոսկե ծիրանում» արժանացել է մրցանակի՝ «Լավագույն սցենար» անվանակարգում…
Թեկուզ հակիրճ անդրադառնալ Կարինե Խոդիկյանի ստեղծագործական ուղուն եւ չնշել հայկական մամուլում եզակի, ավելի քան տասը տարի առաջ նրա հիմնադրած «Դրամատուրգիա» հանդեսի մասին, որտեղ տպագրվում են բացառապես ժամանակակից հայ հեղինակների գործեր, հնարավոր չէ։ Այս ամսագրի շնորհիվ է, որ Մարո Մադոյանի, Աստղիկ Սիմոնյանի, Սամվել Խալաթյանի, Սամվել Սոսյանի, Գուրգեն Խանջյանի, Հրաչ Բեգլարյանի ստեղծագործությունները բեմական «հանդերձանք» են ստացել հայաստանյան թատրոններում։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930