Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ գործարարի՝ «Շահագործել են արտադրամասը Էջմիածնում, ստացել շահույթ, իսկ ինձ հեքիաթներ են պատմում»

Սեպտեմբեր 14,2022 13:00

Սեպտեմբերի 26-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում նշանակվել է մոսկովաբնակ գործարար Արարատ Տեր-Անտոնյանի հայցով հերթական նիստը: 2019թ.-ից նրա գործը դատարաններում է: 2021 թվականի դեկտեմբերից նա գտնվում է Հայաստանում՝ դատական գործընթացներին մասնակցելու համար: Սակայն որեւէ առաջընթաց չկա: Երեկ Արարատ Տեր-Անտոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ օգոստոսի 11-ին հանցագործության մասին հաղորդումով դիմել է ՀՀ ոստիկանության Էջմիածնի քննչական բաժնի պետ, գնդապետ Դ. Բարոյանին: Նա հայտնել էր, որ ֆինանսական ներդրումներ է կատարել Հայաստանում՝ Էջմիածնում ստեղծել անասնապահական կանաչ կերերի արտադրությամբ զբաղվող ընկերություն: Գումարներ է ուղարկել Հայաստան, իսկ սարքավորումների մեծ մասը պարզել է, որ տեղափոխվել է այլ վայր: Նա խնդրել է կատարել լիարժեք հետաքննություն. «Ես կատարել եմ ներդրում, իսկ մի խումբ յուրացրել է իմ կատարած ներդրումները եւ նրա տված արդյունքները»։

Ըստ գործարարի՝ «Շահագործել են արտադրամասը Էջմիածնում, ստացել շահույթ, իսկ ինձ հեքիաթներ են պատմում շարունակաբար»: Չնայած մի անգամ արդեն իսկ գործարարը դիմել էր Արմավիրի մարզի ոստիկանություն, քրեական գործի հարուցումը մերժվել էր 2019թ., մերժվել էին նաեւ այդ առիթով վերադաս մարմնին հասցեագրված նրա բողոքները։ Քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումը Տեր-Անտոնյանի, նրա փաստաբանի կողմից բողոքարկվել էր նաեւ դատական կարգով, քննվել հարուցումը մերժելու օրինականության հարցը։


«Առավոտում» դեռ այս տարվա մայիսի 14-ին («4 տարի է արդեն, ինչ մենք Հայաստանի դատարաններում պայքարում ենք մեր կատարած ներդրումների համար») տպագրվեց հայր եւ որդի Արարատ եւ Արտյոմ Տեր-Անտոնյանների բաց նամակն ուղղված ՀՀ վարչապետին:


Նամակին արձագանք չեղավ, իսկ արդյունքում ունենք այն, ինչ ունենք: «2019թ. լսելով Ձեր կոչը՝ մեր հայրենիքում ներդրումներ կատարելու վերաբերյալ, որոշում կայացրեցինք Հայաստանում ստեղծել անասնապահական կանաչ կերերի արտադրությամբ զբաղվող ընկերություն։ Արտադրամասը ստեղծելու համար խոսել ենք մեր ընկերների՝ Հակոբ Գոզուբոյուկյանի, Հրաչյա Մայիլյանի, Գուրգեն Մարտիրոսյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ Էդվարդ Բաբայանի հետ, որոնց հետ քննարկումների արդյունքում որոշել ենք, թե որ քաղաքում եւ ինչպես պետք է սկսենք մեր գործունեությունը։ Վերջիններիս հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել արտադրամասը հիմնել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում։ Ընդհանուր պայմանավորվածության համաձայն՝ ներդրումները կատարվելու էին մեր կողմից, իսկ վերը նշված բոլոր մասնակիցները պետք է զբաղվեն արտադրամասի ստեղծման հետ կապված աշխատանքների կատարմամբ եւ կանաչ կերերի աճեցման հիդրոպենիկ մեթոդով, արտադրության համար արտադրամասի պատրաստման բոլոր աշխատանքներով։


Ընդհանուր համաձանություն ձեռք բերելուց հետո, 17.06.2019թ.-ից մինչեւ 15.08.2019թ. ընկած ժամանակահատվածում մեր կողմից ՌԴ Մոսկվա քաղաքից դրամական փոխանցումներ են կատարվել Հայաստան, որոնք ստացել են վերը նշված անձնավորությունները եւ կիրառել արտադրամասի ստեղծման մեջ։ 12.08.2019թ. կնքվել է համապատասխան պայմանագիր՝ հիմնելու «Գրին Փիդ Պրոդակշն-Արարատ» ԳԱԿ ՍՊԸ-ն, որը ենթարկվել է պետական գրանցման 16.08.2019թ.:

Կազմակերպության բաժնեմասերը բաշխված են եղել հետեւյալ կերպ՝ Հակոբ Գոզուբոյուկյանին 38%՝ Հրաչյա Մայիլյանի հետ միասին բաժնեմաս, Գուրգեն Մարտիրոսյանը 10% բաժնեմաս իր եղբոր՝ Արմեն Մարտիրոսյանի հետ միասին, իսկ ինձ՝ Արարատ Տեր-Անտոնյանիս, 52% բաժնեմաս, իմ տղայի՝ Արտյոմ Տեր-Անտոնյանի հետ միասին եւ ես հանդիսանում եմ հիմնարար տնօրենը՝ առ այսօր։ Գումարները փոխանցումներից հետո Հայաստան, ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի 33 հասցեում կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը մշտապես մեզ փոխանցվել է Մոսկվա՝ միայն նկարների տեսքով, մենք խնդրել ենք մեզ տրամադրել գումարների նպատակային ծախսման վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, սակայն չենք ստացել այդ տեղեկատվությունը տարբեր անիմաստ եւ մտացածին պատճառաբանություններով:

Փոխադարձ համաձայնության գալով՝ որոշել ենք ընկերության գործունեությունը իրականացնել եւ որպես արտադրամաս օգտագործել՝ ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի 33 հասցեում գտնվող տարածքը, որի օգտագործման համար վարձակալության պայմանագիրը պետք է կնքվեր մեր ընկերության անունով՝ «Գրին Փիդ Պրոդակշն-Արարատ» ԳԱԿ ՍՊԸ։ Մինչդեռ տարածքի վարձակալության պայմանագիրը կնքվել է, չգիտենք թե ինչու՝ Հակոբ Գոզուբոյուկյանի (մեզ գործընկեր համարվող) եւ տարածքի սեփականատիրոջ՝ Էդվարդ Բաբայան ֆիզիկական անձի հետ՝ մեկ տարի ժամկետով։ Այնուհետեւ՝ Հակոբ Գոզուբոյուկյանը եւ մեկ այլ կողմնակի անձի՝ Ղուկաս Գրիգորյանի հետ 2019թ. հոկտեմբերի 8-ին հիմնել է «Գիդրոպոնիկ Գրին Փիդ» ՍՊԸ-ն եւ հատկանշական է, որ նշված նորաստեղծ ընկերությամբ սկսել են շահագործել մեր հիմնած կանաչ կերերի արտադրամասը Էջմիածնում՝ եւ այդպիսով տիրանալով մեր կատարած ֆինանսական ներդումներին եւ մեր հիմնած ամբողջ արտադրամասին»,-ահազանգել էին նամակում։

Արարատ Տեր-Անտոնյանը «Առավոտին» ասաց, որ նշյալ անձինք Վարձակալության պայմանագիր են կնքել՝ հինգ տարով 2021թ. փետրվարի 23-ին, տարածքի սեփականատեր հանդիսացող Էդվարդ Բաբայանի եւ իրենց ՍՊԸ-ի՝ «Գիդրոպոնիկ Գրին Փիդ» հետ: Հենց այդ ընկերությունն էլ, ըստ գործարարի, շահագործում է իրենց ստեղծած եւ հիմնած կանաչ կերերի արտադրամասը եւ ստանում են եկամուտներ ու տիրանալով թե իրենց ֆինանսական ներդրումներին, թե ստեղծված գույքին, արտադրանքին եւ ամբողջ արտադրամասին (ստիլլաժներին, տաշտակներին, լատոկներին, սարքավորումներին, ագրեգատներին եւ այլն). «Նրանք որոշել են օգտվել ստեղծված բարենպաստ պայմաններից եւ առանց մեր մասնակցության սկսել են զբաղվել այն նույն գործունեությամբ, որով պետք է զբաղվեր մեր կողմից 2019թ. օգոստոսի 26-ին հիմնած՝ «Գրին Փիդ Պրոդակշն-Արարատ» ԳԱԿ ՍՊԸ-ն՝ հիմնադիր տնօրեն՝ Արարատ Տեր-Անտոնյանս»։

Մեր զրուցակիցն ասում է՝ այս գործով կա հարցի բարոյական կողմ էլ. հաշվի պետք է առնել այն հանգամանքը, որ դրսում օրնիբուն աշխատող հայրենակցից խլելով՝ տիրացել, զավթել են նրա կատարած ներդրումների արդյունքները մեր իսկ հայրենիքում՝ Հայաստանում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930