Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տրամադրություն, ապրումներ, ցավ. երիտասարդ նկարչի գունապնակը

Սեպտեմբեր 14,2022 12:00

Լեւոն Ստեփանյանը ծնունդով Երեւանից է։ Տնտեսագիտական համալսարանն ավարտելուց հետո դիզայնի մասնավոր դասընթացների է մասնակցել։ Բայց մասնագիտական դաշտ չի մտել, որովհետեւ արվեստը, գույները նրա կյանքում ավելի մեծ տեղ ունեին։ Դեռ փոքր էր, երբ ծնողները նրա մեջ նկատեցին «ոչ սովորական» ձգտումն առ նկարչություն։ Նորաբողբոջ, բայց տարիքի համեմատ հասուն ընկալմամբ` նա սկսեց իր ստեղծագործական ճանապարհը։ Այսօր, ասվածի խոսուն վկայությունն ինքնարտահայտման սրված պահանջով ու նախանձելի աշխատասիրությամբ, ստեղծագործական ներշնչանքով արված կտավներն են, որոնք աչքի են ընկնում ներդաշնակությամբ, խորը ասելիքով։


«Աստծու կողմից տրված շնորհ է»,-ասում է Լեւոնն ու վրձնում հերթական գույնը՝ կտավին շունչ տալով։ Երբեք չի վախեցել եւ հիմա էլ իմպրովիզների միջոցով իրենն է ստանում, որ ունենա ինքնահատուկ ձեռագիր, չկրկնվի, իր մտածածն ու զգացածը հետաքրքիր ձեւով փոխանցի արվեստասերներին։ Նրա վրձնի աշխարհագրությունը լայն է։ Ասում է` բազմազանության մեջ դեռ չի կողմնորոշվել եւ հաճախ է տարբեր թեմաներով նկարում։


Ինչպես գիտենք, յուրաքանչյուր նկարիչ յուրովի է մեկնաբանում իր տեսածն ու զգացածը, որին մեծապես օգնում են գույները։ Լեւոնի պարագայում գույները հաճախ կարողանում են ցավի մասին պատմել, որի վառ օրինակը «Թախիծ» կտավն է՝ Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու եւ հայ աղջկա պատկերով։


Այս կտավում խտացված է երիտասարդի հոգու ցավը։ Ճաքած հողը, ամպերն ու խեղդող կարոտը կտավում ամփոփված են նրբությամբ։ Այս կտավը Լեւոնի համար ստեղծագործական կարեւոր ձեռքբերում է դարձել։ Ճիշտ է, այն գնել ցանկացողների պակաս չի եղել, բայց երիտասարդը ոչ մի կերպ չի համաձայնել վաճառել։

Լեւոնը ցավում է, որ հատկապես երիտասարդության շրջանում արվեստն առաջին տեղում չէ։ Բայց դա չի խանգարում, որ արվեստագետները ստեղծեն ու մատուցեն նորը։ Եվ այն, որ ճշմարիտ արվեստը գեղագիտական ճաշակ է ձեւավորում, միանշանակ է։ Նաեւ այդ է պատճառը, որ նկարիչն իր կտավի հետ պետք է հնարավորինս անկեղծ լինի։

«Եթե չես սիրում, ապա ոչնչի չես կարող հասնել։ Իսկ եթե ուզում ես սիրել, պետք է ճանաչես ե՛ւ քեզ, ե՛ւ աշխարհը, ե՛ւ գույները»,-այսպես եզրափակեց Լեւոն Ստեփանյանը։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930