BelTA-ի փոխանցմամբ՝ Հայաստանի նախաձեռնությամբ գումարված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը երկրի նախագահի հանձնարարությամբ ներկայացրել է Բելառուսի հանրապետության տեսակետը։
Ըստ նույն աղբյուրի, Բելառուսի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը խաղաղ կարգավորման այլընտրանք չունի, այն պետք է լուծվի բացառապես քաղաքական եւ դիվանագիտական մեթոդներով։ «Ստեղծված իրավիճակը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն»,-նշված է հայտարարության մեջ։
«Առաջարկվել են քայլեր, որոնք հնարավոր են օպերատիվ կարգով ձեռնարկել։ Այդ թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մեկնումը հակամարտության գոտի, որպեսզի երկրների ղեկավարների համար մանրամասն զեկույց պատրաստվի, Քարտուղարության եւ ՀԱՊԿ միասնական շտաբի աշխատանքային խմբի ստեղծում՝ իրավիճակը վերլուծելու եւ առաջարկներ մշակելու համար»,-ասված է հայտարարությունում։
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ