Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շանհայի համագործակցության կազմակերպության աշխատանքներին ՀՀ մասնակցությունը համարում ենք աննպատակահարմար. Հանուն Հանրապետության կուսակցություն

Սեպտեմբեր 13,2022 22:00

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ս․թ․ սեպտեմբերի 13-ին 00․05-ից Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծման են ենթարկել Հայաստանի Հանրապետության սահմանագոտին՝ մի քանի տասնյակ կիլոմետր երկայնքով, պատճառելով կորուստներ մեծաքանակ զոհերի եւ վիրավորների տեսքով, մեծածավալ նյութական վնաս քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Տեղի ունեցածը գնահատում ենք որպես բացահայտորեն եւ մանրակրկիտ կերպով վաղօրոք նախապատրաստված ագրեսիայի ակտ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, նրա ինքնիշխան տարածքի եւ տարածքային ամբողջականության։

Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում Հայաստանի հերոսական Զինված Ուժերին եւ Հայ Զինվորին, ում անձնուրաց ջանքերով մեր սահմանները մնում են անառիկ։ Զոհվածների հարազատներին, մերձավորներին եւ ծառայակիցներին հայտնում ենք մեր խորին ցավակցությունները եւ զորակցությունը, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։

Ադրբեջանի ավտորիտար ռեժիմն, իր անպատժելիության մեջ վստահ լինելով, թիկունքն ամրապնդելով ս․թ․ փետրվարի 22-ին Մոսկվայի հետ «դաշնակցային գործակցության մասին» հռչակագրով, իր ցինիկ եւ անպատասխանատու գործողություններով ուղղակի հարվածի տակ է դնում միջազգային հանրության միջնորդությամբ ձեռք բերված բազմաթիվ երկկողմ պայմանավորվածությունները, ի ցույց դնելով իրական վերաբերմունքն ընթացող բանակցությունների, սեփական միջազգային պարտավորությունների նկատմամբ։ Դրանով կոռումպացված բռնապետ Ալիեւը սպառնալիքի տակ է դնում անվտանգությունը, խաղաղությունը հարավկովկասյան տարածաշրջանում, օգտվելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ վարվող պատերազմի համատեքստից, ինչպես նաեւ՝ Սամարղանդում «ավտորիտար ինտերնացիոնալի» ձեւավորումն ամբողջացնող միջոցառմանն ընդառաջ՝ հանդես գալով որպես Մոսկվայի կայսերապաշտ քաղաքականության, Հայաստանին այսպես կոչված «միութենական պետություն» մտնելը, պետականությունից եւ ազատությունից հրաժարումը պարտադրող բութ գործիք եւ պրոքսի-գործոն մեր տարածաշրջանում, ինչն իր հերթին սպառնում է տարածաշրջանում անկախ, ինքնիշխան եւ ժողովրդավար պետությունների, առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի գոյությանը։

Ողջունում ենք ռազմաքաղաքական ղեկավարության որոշումը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի փաստով նախաձեռնել արտահերթ նիստեր ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում եւ ԵԱՀԿ Մշտական Խորհրդում, դրանով իրացնելով այդ հեղինակավոր կազմակերպություններում մեր լիիրավ անդամակցությունից բխող մեր իրավունքները որպես անկախ պետություն, Պաշտպանության Նախարարության կողմից գործարկված՝ ռազմավարական հաղորդակցության պատշաճ մակարդակը, համարժեք եւ օպերատիվ գործողությունները՝ հասարակության հետ վստահելի կապն ապահովման ուղղությամբ։

Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով ծավալվող իրադարձությունների միջազգային համատեքստը, այն է, ռուսական բանակի շարունակական եւ մինչ օրս շարունակվող պարտություններն Ուկրաինայում, Մոսկվայից հնչող՝ միանգամայն թափանցիկ, իրական մտադրություններն ամբողջությամբ մերկացնող հայտարարությունները, կոչ ենք անում իշխանություններին խիստ քննադատաբար մոտենալ ՌԴ եւ ՀԱՊԿ տարբեր մակարդակներից հնչող՝ «սփոփիչ» եւ «խաղաղասեր», «միութենական» թակարդներ պարունակող կոչերին կամ հայտարարություններին, այլ կենտրոնանալ ընդհանուր արժեքային հենքի վրա հիմնված հարաբերություններ ունեցող գործընկերների միջոցով Ալիեւի ռեժիմի վրա միջազգային ճնշումները կոնսոլիդացնելու եւ հետագա էսկալացիայի քաղաքական գինն անհաղթահարելի դարձնելու ջանքերի վրա, օգտագործելով ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի ամբիոնները, Հայաստանի եւ հայ ժողովրդի իրական բարեկամների, Հայկական Սփյուռքի քաղաքական շրջանակների ազդեցությունը, զերծ մնալ անորոշություն սերմանող հրապարակային ճառերից եւ հայտարարություններից, մատչելի ուղերձներով շփվել հասարակության հետ։

ՌԴ ԱԳ Նախարարության բնորոշմամբ «Արեւմուտքին դիմագրավելու» Սամարղանդի Շանհայյան համագործակցության կազմակերպության աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը ստեղծված բարդ աշխարհաքաղաքական պայմաններում համարում ենք աննպատակահարմար Հայաստանի կենսական շահերի տեսանկյունից։

Հայաստանի վարչապետի մասնակցությունն այդ հավաքին վտանգելու է մեր պետության հնարավորությունները՝ ժողովրդավարական գործընկերների հետ հարաբերություններում։ Հաշվի առնելով երկրի սահմաններին լարված իրադրությունը, հորդորում ենք իջեցնել Հայաստանի մասնակցության մակարդակը Սամարղանդի գագաթնաժողովին։

Քաղաքական ուժերին, լրատվամիջոցներին, հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող անձանց, հանրության քաղաքականապես ակտիվ հատվածին, քաղաքացիներին Հայաստանում, Արցախում և սփյուռքում, կոչ ենք անում միաբանվել Ազատ, Անկախ, Ինքնիշխան Պետականության եւ Ժողովրդավարության գաղափարների շուրջ, ցուցաբերել պատասխանատվություն, պետական մտածողություն եւ բարձր քաղաքացիական գիտակցություն։

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930