Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա ավերիչ հարվածներն Ադրբեջանը հասցրել է՝ օգտագործելով 2021-ի մայիսի՝ իր առաջխաղացումը»․ Գառնիկ Դավթյան

Սեպտեմբեր 13,2022 21:21

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի փոխանցմամբ՝ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է  մնալ գերլարված։ «Հայելի» ակումբում հրավիրված քննարկման ժամանակ նա հայտնեց․ «Լարվածության որոշակի նվազում կա որոշ ուղղություններով,  բայց մյուս ուղղություններով դրանց ինտենսիվության ընդհատում չի նկատվում»։ Հղում կատարելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայկական կողմից 49 զոհի մասին հայտարարությանը՝ Գառնիկ Դավթյանն ասաց․«Ադրբեջանական տեղեկատվական դաշտը հրապարակում է տարբեր տեսանյութեր ու նկարներ, որտեղ 49-ի մասին խոսք լինել չի կարող․ հայկական կողմի զոհերի թիվն ավելին է։ Բայց ես կխուսափեմ ադրբեջանական կողմից հրապարակվող տվյալներ տարածել»։

Փորձագետը հիշեցրեց, որ իրենք մասնագետներով բազմիցս են նշել, որ հնարավոր են նման զարգացումներ, բայց քանի որ ՀՀ ղեկավարությունը ըստ նրա՝ պետականամետ չէ, որի նպատակն է ոչ թե պաշտպանել ՀՀ պետական շահն ու զինված ուժերում կատարել բարեփոխումներ, այլ պայմաններ ստեղծել, որ ադրբեջանական զինուժը կարողանա հեշտ ու լուրջ հարվածներով մեծ վնասներ հասցնել հայկական զինված ուժերին, ուշադրություն չի դարձրել այդ զգուշացումներին։

Գառնիկ Դավթյանն արձանագրում է, որ այս իրավիճակը հետևանքն է հասարակության կողմից իրավիճակի՝ անտեսված լինելուն ու համարժեք գնահատական չտալուն։ Նա հիշեցրեց, որ երբ մայիսին իրենք փողոց դուրս գալու և այս իշխանությանը հեռացնելու կոչեր էին անում, իրենց մեղադրում էին, թե նախկիններին եք բերում, ազնիվ մարդկանց թիրախավորում։ Փորձագետի կարծիքով՝ հիմա ստանում են դրա պատասխանը։ Նա այս առիթով ասաց․ «Ադրբեջանական կողմը երեկ գիշեր հստակ, ճշգրիտ հարվածներով հողին է հավասարեցրել ՀՀ որոշ բնակավայրերի զորամասեր, կոնկրետ դիրքային առավելություն ունի։ Կադրեր են հրապարակվել, որտեղ հասկանալի է, որ ադրբեջանական զինուժն ունի որոշ առաջխաղացում, բայց թե որ ուղղությամբ, դժվարանում եմ ասել»։

Գառնիկ Դավթյանի համար ակնհայտ է, որ այսօրվա գործողություններն առնվազն քաղաքական առումով պայմանավորված են։ Նա պարզաբանեց․«Այնպես, ինչպես ժամանակին Նիկոլ Փաշինյանը Գորիս-Կապան ճանապարհը բանավոր պայմանավորվածությամբ հանձնեց, այնպես էլ այսօրվա գործողություններն առնվազն քաղաքական առումով պայմանավորված են։ Նիկոլ Փաշինյանը մեկ խոսում է խաղաղության դարաշրջանի մասին, բայց ադրբեջանական կողմից սպառնալիքներ են հնչում, հարձակում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, պահանջատիրական, քաղաքական ու քարոզչական հստակ ուղղություն է տարվում, գերիների մասին չեմ ուզում նշել, քանի որ իրենց խնդիրը ՀՀ ղեկավարության համար այլևս արդիական չէ։ Փաստացի ունենք իրավիճակ, որն աղետաբեր է»։

Նա հանրությանը հորդորեց հանրային լայն դժգոհություն բարձրացնել և պայքարել այս իշխանության դեմ ու նշեց․ «Միակ փրկությունը Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականն է, եթե ոչ, ապա պարտադրված հրաժարականը։ Մարդկանց մոտ կա ընկալում, որ թուրքն իրենց չի հասնելու։ Սակայն, եթե նայեք այսօրվա գործողությունների քարտեզը, ապա այն առաջխաղացումը, որ նրանք ունեցան 2021-ի մայիսին է, այսօրվա ավերիչ հարվածները հասցվել են հենց այդ առաջխաղացումն օգտագործելով»։

Թուրքական կողմի հայտարարության առիթով Գառնիկ Դավթյանն ասաց․ «Թուրքիայի ղեկավարության կողմից հայտարարությունն այս ֆոնին արվեց, նշվեց, որ Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավոր է միայն տարածքային ամբողջականության վերականգնման հիմքով։ Ես իմ բոլոր հարցազրույցներում խոսում էի, որ Ադրբեջանը տարածքային ամբողջականություն հասկանում է նաև ակնկլավների վերադարձ, ինչի մասին այսօր խոսեց Նիկոլ Փաշինյանը։ Նրա հայտարարությունն  ԱԺ-ում  ընդունում եմ, որ դա կապիտուլյացիոն երկրորդ փաստաթղթի կետեր են․ այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդունված, Ադրբեջանի կողմից պարտադրված, նախօրոք հայտարարված կետեր են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930