Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով անցած գիշեր բռնության սրումից հետո, որը արդեն պատճառել է բազմաթիվ զոհեր և զգալի վնաս, Իռլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Սայմոն Քովնին և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը հայտարարությամբ են հանդես եկել։
«Եվրախորհրդի անդամ երկրների միջև վեճերը ռազմական գործողությունների միջոցով լուծելն անընդունելի է։ Հետևաբար, մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հետ կանգնել ցանկացած քայլերից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը, հարգել միջազգային համաձայնագրերը և առանց հապաղելու ներգրավվել խաղաղության բանակցություններում։
Մենք կոչ ենք անում Եվրախորհրդի անդամ երկու երկրներին էլ կատարել իրենց պարտականությունները, որոնք ստանձնել են անդամակցության ժամանակ, մասնավորապես՝ հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Եվրախորհուրդը պատրաստ է աջակցել իրենց ջանքերին»,- ասել են նրանք։