Լրահոս
«Ուղղական հոլով»
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունն ընկավ իշխանության լարած թակարդը». Ռուբեն Հակոբյան

Սեպտեմբեր 13,2022 20:10

«Ցավում եմ, որ ընդդիմությունը չհասկացավ, թե ի՞նչ թակարդ է լարել իշխանությունն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին Գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանն՝ անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցածին:

Հիշեցնենք, նիստի մեկնարկին խորհրդարանական մեծամասնությունն առաջարկեց՝ համատեղ հայտարարություն ընդունել՝ ստեղծված իրավիճակի հետ կապված: «Հայաստան» խմբակցությունն առաջարկներ էր արել, որոնք քաղաքական մեծամասնության կողմից չընդունվեցին: Արդյունքում, ՔՊ խմբակցությունը միայնակ՝ առանց ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների մասնակցության, հայտարարության սեփական տարբերակն ընդունեց: Ընդդիմադիրների հասցեին էլ մեղադրանքներ հնչեցին:

«Քաղաքական մեծամասնության կողմից մշակված սցենարը շատ պարզ էր. նրանք հասկացել էին, որ «Հայաստան» դաշինքը, ընդդիմությունն ընդհանրապես, հայտարարությամբ հանդես կգա եւ կտա իր գնահատականը, որն ուղղված կլինի Հայաստանի ժողովրդին: Մեծամասնությունը նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ եթե նկատի ունենանք այն փաստը, որ մինչ այդ հայտարարության ընդունումն, ինչպես ԱԺ-ում նշեց Նիկոլ Փաշինյանը, խոսել էր բոլոր տերությունների ղեկավարների, միջազգային կառույցների ղեկավարների հետ, Ֆրանսիայի նախագահն էր դիմել ՄԱԿ-ին՝ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու առաջարկով եւ արդեն նույնիսկ միջազգային կառույցների կողմից որոշակի հայտարարություններ ու գնահատականներ կային, դրա անհրաժեշտությունն այդ պահին մեծ չէր, իբրեւ հայտարարություն։

«Այս պահին, շատ ավելի անհրաժեշտ էր միասնական հայտարարություն, որն ուղղված կլիներ մեր ժողովրդին, կտար հստակ գնահատականներ եւ ինչ-որ տեղ նաեւ իրավիճակից դուրս գալու ճանապարհներ ցույց կտար: Այս առումով, «Հայաստան» դաշինքի հայտարարությունը շատ ավելի արդիական, ամբողջական եւ հասցեական էր: Եթե իսկապես, քաղաքական մեծամասնությունը միասնական հանդես գալու խնդիր ուներ, կարող էին այն ընդունել: Բայց, ինչպես ասում են, Նիկոլը կարողացել է ծնել ալենիզմը, նա էլ կարողացավ դատարկախոսությամբ ուղղակի շահարկել իրավիճակը եւ մեղադրեց ընդդիմությանը: Ցավում եմ, որ ընդդիմության ներկայացուցիչները չհասկացան՝ ինչ է կատարվում, չգնահատեցին, թե ինչ տեսակի հետ գործ ունեն: Ցավում եմ, որ ընդդիմությունը չհասկացավ, թե ի՞նչ թակարդ է լարել իշխանությունն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Այս առումով, չեմ կարծում, թե ընդդիմությունը շահած դուրս եկավ այսօրվա քննարկումներից»,- ասաց Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ իր կարծիքով, հայտարարությունը չպետք է լիներ կոչ աշխարհի պետություններին, միջազգային կառույցներին, մենք պարտավոր ենք նախեւառաջ մեր ժողովրդին դիմել եւ ասել, թե ի՞նչ է անհրաժեշտ, այս իրավիճակից դուրս գալու համար ու այդ ամենը կար «Հայաստան» դաշինքի հայտարարության տեքստում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930