ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին զինված բախման մասին հաղորդումներից հետո, անհապաղ հրադադարի կոչ են անում։
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների սրումը պետք է անհապաղ դադարեցվի։ Դիվանագիտական ուղիով մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը չպետք է վատնվի»,- ասել է Ռաուն։ «Վերջին 18 ամիսների ընթացքում առաջընթաց էր գրանցվել՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի ուղղությամբ։ Այս բախումները վտանգում են առաջընթացը և անհամար կյանքեր ռիսկի են ենթարկում»։
«Ես միայն կարող եմ շեշտել, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն՝ հետագա զոհերից խուսափելու համար»,- ասել է Շմիդը։ «Հիմնվելով տասնամյակների փորձի վրա՝ ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել։ Մենք բոլորս կիսում ենք տարածաշրջանում կայուն խաղաղությանը և բարգավաճմանը հասնելու նպատակը»։