Սեպտեմբերի 25-ին կայանալիք Քաջարան համայնքի ավագանու ընտրություններին առաջադրված «Դեպի միասնություն» դաշինքն ընդհատել է քարոզարշավը։ Ավելին, ինչպես տեղեկացրել է դաշինքի ցուցակը գլխավորող, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, նրանք մեկնել են առաջնագիծ։
«Հարգելի հայրենակիցներ, ելնելով երկրում ստեղծված իրավիճակից` «Դեպի միասնություն» դաշինքի ավագանու թեկնածուները եւ Քաջարանի գումարտակի կամավորականները` իմ գլխավորությամբ մեկնել եւ արդեն առաջնագծի X հատվածում ենք։
Միաժամանակ ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին, իսկ մեր ժողովրդին` ուժ, միասնություն եւ խաղաղություն ենք մաղթում»,-գրել է Մանվել Փարամազյանը ֆեյսբուքյան իր էջում։
Կարդացեք նաև
Փարամազյանի մարտական ընկեր, Երկրապահ կամավորականների միության Քաջարանի տարածքային կոմիտեի անդամ Գարիկ Ղազարյանն էլ կոչով դիմել է քաջարանցիներին։ «Հարգարժան քաջարանցիներ, որպես ԵԿՄ Քաջարանի տ/բ խորհրդի անդամ` ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, կոչ եմ անում 20-ից 40 տարեկան մեր հայրենակիցներին հավաքվել Քաջարանի ԵԿՄ տ/բ շտաբում»,-իր կոչում նշել է Գարիկ Ղազարյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ