«Ծանոթանալով հայտարարության տեքստին՝ գտանք, որ այն չի արտացոլում իրավիճակն ամբողջությամբ։ Երբ պատերազմի պայմաններում խորհրդարանական կառավարման երկրի խորհրդարանն անում է հայտարարություն, այն պետք է համարժեք լինի ստեղծված իրավիճակին։ Ներկայացրինք չորս կետեր, իսկ իշխող մեծամասնության կողմից մեր առաջարկները մերժվեցին։ Իրենք որեւէ կետի հետ կապված չեն կարող հիմնավորել, որովհետեւ չունեն հիմքեր»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ լիագումար նիստում այսօր իշխող ուժը ներկայացրեց ադրբեջանական հարձակման վերաբերյալ հայտարարությունը, եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ ընդդիմության հետ համաձայնության գալ չի ստացվել տեքստի շուրջ։ «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված առաջարկների փաթեթը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերելի չէր երեկ սանձազերծած ագրեսիվ գործողություններին, ինչի մասին ես իմ գործընկերներին տեղեկացրել եմ։ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից ներկայացված առաջարկների մի մասը վերաբերելի էր որոշ մասով ստեղծված իրավիճակին, և մենք պատրաստ էինք մասնակիորեն հաշվի առնել այդ առաջարկները նշված հայտարարության մեջ»,-ասել է նա։ «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն ամոթանք էր տվել նրան ու իշխող ուժին։
Իշխան Սաղաթելյանը շարունակեց․ «Մերժեցին այն բոլոր պատճառաբանություններով, որոնցով մերժել են մեր նախորդ բոլոր առաջարկները, որոնք վերաբերում են անվտանգությանը։ Նույն տրամաբանությամբ էլ մերժեցին Շուշիի հռչակագրի հետ կապված մեր հայտարարությունը։ Այսպես բացահայտում են հերթական անգամ, որ ՀՀ պետական շահի հետ կապ չունեն։ Մի բան էլ ճառեր են ասում միասնականության մասին։ Միասնականությունից խոսելը երեսպաշտություն է։ Ինչի՞ շուրջ միասնականություն, ո՞ւմ շուրջ։ Եթե իրենք պատրաստ չեն երկիրը պաշտպանել, ինչի՞ շուրջ միասնական լինենք, պետությունը հանձնելո՞ւ»։
Կարդացեք նաև
Իշխան Սաղաթելյանը մեկնաբանեց Վլադիմիր Վարդանյանի նշյալ պարզաբանումն ու ասաց․ «Նման բաներ կարող են ասել մանիպուլացնելու, հասարակությանը շեղելու համար, որ ասեն՝ տեսա՜ք, ընդդիմությունը պատերազմի ժամանակ միասնականություն չցուցաբերեց։ Մենք ասել ենք՝ պետք է արձանագրել հայտարարության մեջ, որ դեմ ենք Շուշիի հռչակագրի կետերին։ Կարծում եմ՝ ԱԺ-ն պետք է նման հայտարարություն աներ։ Պետք էր արձանագրել, որ կառավարությունն ունի ձախողումներ։ Կարող էինք ավելի խիստ կետեր առաջարկել, բայց դրանք մեղմ էին։ Եթե ձեւական հայտարարություն էին ուզում անել, թող ՔՊ-ի վարչությունով անեին։ Դա ՔՊ-ի վարչության հայտարարություն է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ