ԱԺ շենքի մոտ իրավիճակը մի պահ լարվեց: Խորհրդարանի շենքի մոտ, որտեղ ինքնաբուխ բողոքի ցույց են անում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, ոստիկանական ուժեր են կուտակվում:
Ոստիկանները փորձում են կանոնակարգել ծնողների ցույցը՝ ցուցումներ տալով, թե որտեղ կարելի է կանգնել, որտեղ պետք է ազատ թողնել: Դա դուր չեկավ 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մորը՝ Նաիրա Մելիքյանին: Նա ոստիկաններին հորդորեց՝ հարգալից լինել եւ ցուցումներ չտալ: Փոխգնդապետ ոստիկանն ասաց, որ ինքը ցուցում չի տալիս, միայն իրավիճակն է կանոնակարգում, ինչին ի պատասխան, նաիրա Մելիքյանը զայրացավ. «Դուք իրավիճակը չեք կանոնակարգում, դուք միայն դավաճանին եք ծառայում, իրավիճակը կանոնակարգող լինեիք՝ այս կողմում կլինեիք: Մեր երկիրը կործանվում է, հասկանո՞ւմ եք դուք»:
Ոստիկանները թույլ չէին տալիս ցուցարարներին ԱԺ շենքի՝ Դեմիրճյան փողոցի կողմի մուտքի մոտ կանգնել, որտեղից դուրս էին գալիս պատգամավորները: Զոհվածների հարազատները ՔՊ-ական պատգամավորների հասցեին վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում:
Կարդացեք նաև
Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ լեզվակռիվ, ապա նաեւ քաշքշոց սկսվեց: ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը մի կերպ, ոստիկանների ուղեկցությամբ, հեռացավ ծնողներից:
Փոխգնդապետը հորդորեց՝ ավելորդ լարվածություն չստեղծել:
ԱԺ շենքի մոտ կարմիր բերետավորներ են կուտակված:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ