«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի աշնանային համերգաշարը «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկեց բացառիկ համերգով: Վերջինս նվիրված էր Եվրոպական փառատոնային ասոցիացիայի 70-րդ հոբելյանական գագաթնաժողովին եւ Արվեստի միջազգային համաժողովին:
Համերգի մենակատարն էր անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, որը հանդես եկավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան): Ծրագրում` Ստեփան Ռոստոմյան ,Սիբելիուս եւ Արամ Խաչատրյան:
«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ որպես փառատոնի կազմակերպիչ հույս ունեին այս համերգասրահից ողջունել իրենց փառատոնի հիմնադրման 25-ամյակի առիթով, բայց նրա խոսքով, այդ օրն ավելի շուտ եկավ, որովհետեւ Հայաստանին վստահվեց նշել մեկ այլ առիթ` Եվրոպական փառատոնային ասոցիացիայի 70-րդ հոբելյանը: «Դա մեր երկրի համար մեծ նվաճում է, մեծ գովազդի առիթ: Այստեղ ներկա են 100-ից ավել մասնակիցներ աշխարհի 45 երկրներից… Կարծում եմ ` «Երեւանյան հեռանկարների» 25-ամյակն էլ մեծ շուքով կնշենք »,-ասաց տիկին Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը փաստեց, իր եւ Սոնա Հովհաննիսյանի հիմնադրած «Երեւանյան հեռանկարները» դարձել է ԵՄ փառատոնային ասոցիացիայի անդամ, ինչն աննախադեպ հաջողություն որակեց: «Մեծագույն ֆանտազիայի դեպքում չէինք կարող պատկերացնել, որ տարիներ հետո աշխարհի մեծագույն փառատոնի ղեկավարները կլինեն այս բեմում, արվեստի հզոր ուժերն ու կապերը կբերեն Հայաստան»,-ընդգծեց նա:
Սոնա Հովհաննիսյանը շնորհավորեց նաեւ Խաչատրյանական փառատոնի կազմակերպիչներին, քանի որ մեր երկրի այցեքարտերից մեկը հանդիսացող այս փառատոնը եւս դարձել է Եվրոպական փառատոնային ասոցիացիայի լիարժեք անդամ:
Հավելենք, որ այս համերգին էլ, ինչպես միշտ, Սերգեյ Խաչատրյանը փայլեց, ինչի համար ունկնդիրը նրան բաց չէր թողնում: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւս մնաց իր բարձրության վրա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ