Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ոչ մեկի վրա հույս չեմ դնում, եթե քաղաքականություն ենք խաղալու՝ կործանելու ենք երկիրը». Կարին Տոնոյան

Սեպտեմբեր 13,2022 17:37

«Եթե մինչեւ հիմա մեզ համար օրերն ունեին նշանակություն, հիմա արդեն ակնհայտ է, որ ժամերն ունեն նշանակություն եւ սպասելու որեւէ առիթ չկա, հնարավորություն չկա՝ թշնամուն վռնդելու համար: Թշնամին, նկատի ունեմ՝ Նիկոլ Փաշինյանը գործում է մեծ ագրեսիվությամբ: Ցավոք, մինչեւ հիմա մեր կանխատեսումները, որ Սյունիքը վտանգված է, Վարդենիսը վտանգված է․․․ այս գործողությունները թշնամու հետ համաձայնեցված են եւ սա կանխելու միակ ձեւը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է: Դրա իրավական ձեւերն էլ կան, օրինական մեխանիզմներն էլ կան եւ, ես կարծում եմ, որ այսօր, մենք այդ ամենը պետք է գործի դնենք»,- ԱԺ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Համախմբում» նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանը:

Նա ԱԺ շենքի մոտ էր եկել՝ անսալով 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների կոչին:

Էդգար Ղազարյանը հուսով է, որ ԱԺ պատգամավորները, ովքեր իրավունք ունեն վարչապետին անվստահություն հայտնելու, այսօր կմիանան հավաքվածների պահանջին: Հակառակ պարագայում, նրանց դիրքորոշումը որեւէ տրամաբանական բացատրություն Էդգար Ղազարյանի համար չի ունենա: Ըստ բանախոսի, Իշխան Սաղաթելյանի կոչը՝ ուղղված ՀՀ նախկին նախագահներին, պաշտպանության նախարարներին եւ հոգեւոր առաջնորդին՝ միաբանվելու, իրավիճակից ելք գտնելու, չի ազատում Իշխան Սաղաթելյանին՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելուց: Իր գնահատմամբ, այդ գործընթացները միմյանց պետք է լրացնեն:

44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց անհուսությունն է հանել փողոց, քանի որ իրենք լավ գիտեն, թե ինչ է ցավը եւ չեն կարող այս իրավիճակում լռել ու տանը նստել:

«Մենք պետք է այս պահին հանդես գանք, որպես ազգ: Ես ոչ մեկի վրա հույս չեմ դնում, եթե քաղաքականություն ենք խաղալու՝ կործանելու ենք երկիրը: Պատերազմ է հայտարարված ազգին՝ եւ ներսից, եւ դրսից. սեփական իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ազգին. մենք հիմա ստիպված ենք երկու ճակատով պայքարել: Այնտեղ մեր երեխաներին են կոտորում, բայց որոշումն այստեղ է կայացվում»,- ասաց Կարին Տոնոյանը:

Նա վրդովված է սոցիալական ցանցերում այն մեկնաբանություններից, ըստ որոնց՝ զոհվածների ծնողներին կոչ են անում գնալ սահման. «Մե՞զ եք ասում գնացեք սահման, մեր որդիները զոհվում էին, որ դուք մինչեւ այսօր խաղաղ ապրեիք, մեզ էլ դիտողություն անեի՞ք»:

Նա հավաստիացնում է, որ հարցերն այսօր լուծվում են ԱԺ շենքում եւ որ պահին որ այդ շենքում ճիշտ մարդիկ կլինեն՝ բոլորը կմեկնեն սահման:

Իր կարծիքով՝ ով ուզում է թող գա իշխանության եւ ղեկավարի, բայց, որ գործող իշխանությունը պետք է հեռանա՝ դա այլընտրանք չունի, քանի որ նրանց իշխանավարման ամեն ժամը կյանքեր է արժենում:

«Այդ մարդը այսօր ժպիտով ԱԺ ամբիոնից հայտարարում էր ադրբեջանցիների արածների մասին, անգամ նայելն արդեն նյարդերդ չի դիմանում. ո՞ւմ ենք սպասում, ինչի՞ ենք սպասում, որ բոլորիս կոտորե՞ն… ես կոտորվելու ցանկություն չունեմ, մենակ էլ մնամ՝ պիտի պայքարեմ, հետեւաբար, այս կռիվը պետք է մինչեւ վերջ տանել»,- ասաց Կարին Տոնոյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930