Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սա զինվորների արյան վրա կառուցած շոուն էր իշխող խունտայի կողմից»․ Հայկ Մամիջանյանը պարզաբանում է

Սեպտեմբեր 13,2022 17:17

«Արյան վրա կառուցված շոուին ի պատասխան` ստիպված եմ ներկայացնել իրականությունը, թե ինչ տեղի ունեցավ հայտարարության տեքստի հետ կապված»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ լիագումար նիստում այսօր իշխող ուժը ներկայացրեց ադրբեջանական հարձակման վերաբերյալ հայտարարությունը, եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ ընդդիմության հետ համաձայնության գալ չի ստացվել տեքստի շուրջ։ «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված առաջարկների փաթեթը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերելի չէր երեկ սանձազերծած ագրեսիվ գործողություններին, ինչի մասին ես իմ գործընկերներին տեղեկացրել եմ։ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից ներկայացված առաջարկների մի մասը վերաբերելի էր որոշ մասով ստեղծված իրավիճակին, և մենք պատրաստ էինք մասնակիորեն հաշվի առնել այդ առաջարկները նշված հայտարարության մեջ»,-ասել է նա։ «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն ամոթանք էր տվել նրան ու իշխող ուժին։

Հայկ Մամիջանյանը պարզաբանեց, թե ինչ կետեր էին առաջարկել ներառել հայտարարության մեջ․ «Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները հայատյացության քաղաքականության հերթական դրսեւորումն են։ Այս եւ նախորդ իրադարձությունները փաստում են, որ Ադրբեջանը չի փոխել ուժի միջոցով Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու իր մտայնությունը։ Ավելին՝ անպատիժ մնալով ՀՀ սուվերեն տարածվի վրա նախորդ ոտնձգություններից հետո, արդեն իսկ լայնամասշտաբ ռազմական ագրեսիա  է իրականացնում ՀՀ սուվերեն տարածքի հանդեպ՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Այս իրավիճակը նաեւ ՀՀ-ի կողմից հետպատերազմյան ժամանակահատվածում անվտանգային ներուժի վերականգմանն ուղղված գործողությունների եւ դիվանագիտական աշխատանքի ոչ լիարժեք իրականացման հետեւանքն է եւ ապացուցում է, որ խաղաղության դարաշրջանի մասին խոսակցությունները համարժեք չեն Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներին եւ աշխարհաքաղաքական զարգացումներին։ ԼՂ հակամարտության հանգուցալուծումը եւ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը պետք է դիտարկել փաթեթային տրամաբանության մեջ, քանի որ այդ երկու հիմնախնդիրների տարանջատումը հղի է Արցախի եւ ՀՀ-ի համար գոյաբանական անդառնալի խնդիրներով»։

Թե ինչ պատասխան են ստացել իշխանությունից, Հայկ Մամիջանյանը տեղեկացրեց․ «Առաջարկ ստացանք ներառել մեր առաջարկների միայն մի մասը, ինչը, սակայն, չէր ներառի կարեւորագույն իմաստ պարունակող կետերը՝ հետագա բանակցությունների համար։ Իմ առաջարկն էր, որ եթե մեր կետերը լավն են եւ բխում են ՀՀ շահերից, ապա ինչո՞ւմն է պատճառը, որ անկախ մեր քվեարկությունից, դրանք չեն ներառվում հայտարարության տեքստում։ Այստեղից հետեւություն, որ մեր զինվորների արյան վրա կազմակերպված արյունոտ այս շոուն քաղաքական ծուղակի ձեւակերպման համար էր։ Իրենք էլ են ընդունում, որ մեր կետերը բխում են մեր երկրի շահերից, ուրեմն, ինչո՞ւ չներառեցին։ Սա իշխող խունտայի հերթական շոուն էր։ Իրենց նպատակը մեզանից քվեարկություն կորզելն էր, ոչ թե ՀՀ շահը սպասարկելը։ Իշխանությունում դավաճաններ են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930