Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւան-Բաքու խնդիրներում Վաշինգտոնի գործընկերը Բրյուսելն է, ոչ թե՝ Մոսկվան

Սեպտեմբեր 13,2022 17:05

Վաշինգտոնը նույնիսկ հումանիտար հարցերում միջնորդական որոշակի դերում դիտարկում է հարեւան Թբիլիսիին

Անցյալ շաբաթ Երեւանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը: Ամերիկացի պաշտոնյայի այցը Հայաստան կայացավ ուշագրավ փուլում եւ հանգամանքներում:
Մոսկվան, Անկարան եւ Բաքուն հստակ մի կողմում են՝ մերժելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շարունակման հնարավորությունները: Սա մի իրավիճակ է, որ Հայաստան-Ադրբեջան խնդիրները երբեմնի միջնորդ պետությունների միջեւ խորը հակասությունների դաշտում են հայտնվել:

Պաշտոնական Երեւանից հայտարարությունները ԵԱՀԿ ՄԽ-ի առաքելության շարունակման վերաբերյալ արձագանք են ստանում բացառապես Արեւմուտքից: Չմոռանանք, որ Վաշինգտոնի ջանքերով ամիսներ առաջ բացահայտվեց, որ Մոսկվան չի ցանկանում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության շրջանակներում իր մյուս երկու գործընկերների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ բանակցությունների վերսկսում:
Վաշինգտոնից մի քանի անգամ հայտարարեցին, որ պատրաստ են հանուն ԼՂ-ի խնդրի Ռուսաստանի հետ աշխատել, սակայն ռուսական իշխանությունների արձագանքը բավական ջղաձիգ էր: Նրանք գերադասեցին Արեւմուտքին մեղադրել ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունն արգելափակելու մեջ, եւ ըստ էության, շարունակվեցին թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագիրն անփոփոխ թողնել՝ ոչ մի դեպքում թույլ չտալ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության վերականգնում:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Ֆիլիպ Ռիքերի հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ: «Շեշտվել է ԱՄՆ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի եւ փորձի օգտագործման կարեւորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական եւ համապարփակ կարգավորման համատեքստում», ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ: Միրզոյանը նաեւ անդրադարձել է 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ այս համատեքստում մատնանշելով հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման, ինչպես նաեւ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:

Փաշինյան-Ռիքեր հանդիպմանը ՀՀ կառավարության ղեկավարը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ընդգծել է ԱՄՆ կարեւոր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն: Փաշինյանը կարեւորել է ՄԽ համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը եւ վերջինիս փորձի օգտագործումը՝ ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման համատեքստում: Քննարկելով ԼՂ հիմնախնդրին վերաբերող մի շարք հարցեր, ՀՀ կառավարության տարածած մամլո հաղորդագրության մեջ նշվում էր, որ անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրներին. «Շեշտվել է հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող այլ թեմաների շուրջ»:

Ամփոփելով Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերի երեւանյան այցը, Երեւանում ԱՄՆ դեսպանատունը հայտնեց, որ ամերիկացի պաշտոնյան հանդիպել է նաեւ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանին։ «Դեսպան Ռիքերը վերահաստատեց Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագան խթանելու հարցում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր հարցերի համապարփակ եւ խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով Միացյալ Նահանգները կշարունակի ներգրավվածությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով, ինչպես նաեւ համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը», նշում էր Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունը։

Ամերիկյան դեսպանատան հաղորդագրության մեջ, ինչպես նկատում ենք, Ռուսաստանը չի դիտարկվում որպես գործընկեր՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր հարցերի համապարփակ եւ խաղաղ կարգավորմանն աջակցելու հարցում: Հետեւաբար, Վաշինգտոնի գործընկերը Բրյուսելն է, ոչ թե՝ Մոսկվան:

Օրերս Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ժնեւում հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ, զրուցել են կովկասյան բանակցությունների եւ միջազգային քննարկումների շուրջ: Ինչպես հաղորդեց «Ալիք Մեդիա»-ն, նշյալ զրույցում անդրադարձ է եղել նաեւ, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ եւ Ֆիլիպ Ռիքերի ներգրավմամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությանը, որի արդյունքում Ադրբեջանն ազատ է արձակել հայ գերիներին, իսկ Հայաստանը կարեւոր քարտեզներ է հանձնել Ադրբեջանին։ Վրաստանի վարչապետի խոսքով՝ Վրաստանը ԱՄՆ-ի հուսալի գործընկերն ու հավատարիմ դաշնակիցն է տարածաշրջանում եւ դրանից դուրս։

Վաշինգտոնը նույնիսկ հումանիտար հարցերում միջնորդական որոշակի դերում, ինչպես նկատում ենք, դիտարկում է հարեւան Թբիլիսիին, բայց ոչ՝ Մոսկվային:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 13.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930