«Ապագայից, խաղաղությունից խոսել և անել բոլորովին հակառակ գործողություններ՝ լի կոպիտ սխալներով, խայտառակ հայտարարություններով, գործողություններով, բնական է, որ հանգեցնելու էր նման իրավիճակի»,-«Հայելի» ակումբում հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:
Նրա համար տարօրինակ է այն, որ փոխանակ իշխող ուժը պատրաստվեր այս հնարավոր ագրեսիային դիմակայելու, բուհերի տեղափոխման խնդիր էր քննարկում:
ՀՀ ԱԺ նիստը նա համարեց խայտառակ ու ասաց. «Այն նման էր նիկոլաինքնաարդարացման՝ համեմված էժան փիառով: Այս իրավիճակում այս աստիճան լինել ոչ ադեկվատ և հակահայկական, սա արդեն բացահայտ պետության շահերի դեմ գործողություն, պետական դավաճանություն է»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Արտակ Զաքարյանն ասաց. «Իր իսկ հայտարարությունները Ադրբեջանին հնարավորություն տվեցին շարունակել ռազմական էսկալացիան»:
Կարդացեք նաև
Ըստ Արտակ Զաքարյանի՝ հրադադարի ռեժիմն օդից կախված իրավիճակ է. «Դեռ ոչ մի երաշխիք չկա, որ այս զարգացումները կմարեն կամ հնարավոր կլինի վերադարձնել քաղաքական ուղղության վրա»:
Նրա համոզմամբ՝ խաղաղություն չեն մուրում, այլ խաղաղությանը պետք է պատրաստվել: Ուժի դեմ միայն ուժով է հնարավոր դիմակայել: Նրա կարծիքով՝ իշխող ուժը քաղաքականության հետ կապված խնդիրները ձախողել է, այսինքն՝ արել է այնպես, ինչպես Ադրբեջանին է ձեռնտու:
Ամփոփելով Արտակ Զաքարյանն ասաց. «Ստեղծված իրավիճակը բավականին լուրջ վտանգներ է պարունակում: Սա Ադրբեջանի ստացած հերթական քարտ բլանշն է, և դրա հեղինակը հենց Նիկոլ Փաշինյանն է: Եթե մենք այս իրավիճակը չկարողացանք վերադարձնել կառավարելի հուն և ապահովել մեր պետության տարածքային ամբողջականությունը, ուրեմն մենք պետություն ունենալու իրավունք չունենք»:
Արտակ Զաքարյանը հորդորեց «այս դավաճաններին հեռացնել և համախմբվել զինված ուժերի շուրջ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ