Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը գրավեն վերջնականապես, բոլորս մեռնենք, ի՞նչ պիտի լինի, որ դուք գաք դահլիճ, ուզում եմ հասկանամ, կամ դուք խի՞ եք եկել, ուզում եմ էդ էլ հասկանամ». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին

Սեպտեմբեր 13,2022 16:31

«Այնքան եմ ափսոսում, չգիտեմ ինչ ձեւ խոսեմ: Բա ինչի՞ն եք դուք մասնակցում, ուզում եմ հասկանամ»,- ԱԺ-ում դիմելով ընդդիմությանը՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ինչպես տեղեկացրել ենք, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ինտենսիվ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: ԱԺ-ում հայտարարության նախագիծ են պատրաստել ադրբեջանական հարձակման վերաբերյալ, որը ներկայացրեց նախագծի համահեղինակ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Ընդդիմությունը չի քվեարկելու հայտարարության նախագծին, քանի որ համաձայնության չեն եկել: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի գնահատմամբ՝ կիսատ-պռատ նախագիծ է:

Ալեն Սիմոնյանն իր ելույթում ասաց. «Ի՞նչ պիտի լինի, որ այս դահլիճում ձեր օրակարգը սպասարկվի: Հայաստանը գրավեն վերջնականապես, բոլորս մեռնենք, ի՞նչ պիտի լինի, որ դուք գաք դահլիճ: Ո՞րն է ձեր օրակարգը՝ անվտանգությունից դուրս, ուզում եմ հասկանամ: Կամ դուք խի՞ եք եկել, ուզում եմ էդ էլ հասկանամ: Ի՞նչ եք անում դուք այստեղ երկուսով (նկատի ունի Սեյրան Օհանյանին եւ Արծվիկ Մինասյանին,- Հ. Ջ.) Եկաք ասացիք՝ ժամանակ է պետք, ասեցինք՝ մի ժամ, երկու ժամ, երեք ժամ, տվեցինք, գնացիք այս թուղթը բերեցիք, ասում եք՝ մենք գնանք:

Ադրբեջանի մասին հայտարարություն ենք ընդունում, երրորդ կետով ներքաղաքական հարց եք լուծում, թե՝ «այսպես կոչված խաղաղության դարաշրջանի քաղաքականության սնանկությունը»: Ո՞ւմ է դա հետաքրքիր, հիմա մենք դրա մասի՞ն ենք խոսում: Ձեր սնանկության մասին 30 տասնամյակ կարելի է խոսել:

4-րդ կետով էլ ասում եք Ադրբեջանի հետ բանակցություններից դուրս գանք: Լո՞ւրջ: Դո՞ւրս գանք: Բա ի՞նչ անենք դուրս գանք: Էլի երկու հոգով գնալու եք սահմա՞ն պահեք:

Վարչապետն եկել է ասում է՝ եկեք հարց տվեք, եկել է ներկայացնում է՝ 49 զոհ ունենք, այսքան վիրավոր, թե՝ մենք մեր օրակարգն ունենք: Մի՛ եկեք էլի դահլիճ, անկեղծ խնդրում եմ ձեզ: Որպես ԱԺ նախագահ չեմ խնդրում, որպես ՀՀ քաղաքացի եմ ասում: Որ գալիս եք, ո՞ւմ է պետք, նույնիսկ այս իրավիճակում դուք չեք կարողանում ՀՀ շահը սպասարկել: Այստեղ քաղաքական ոչ մի հարց չկա՝ քոչարյանական, սերժական, ՔՊ-ական համակրի հարց չի: Ի՞նչ պիտի լինի, որ դուք գաք: Մի՛ եկեք»:

Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ՀՀ ԱԺ-ի հայտարարության նախագիծը քվեարկության դրվեց, կողմ քվեարկեց 65 պատգամավոր, որոշումն ընդունվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930