Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Պարո՛ն Վարդանյան, ասում եք՝ ոտքի չեն կանգնում, չե՞ք ամաչում». Արծվիկ Մինասյանն ամոթանք տվեց Վլադիմիր Վարդանյանին ու հայտարարեց, որ քվեարկությանը չեն մասնակցում

Սեպտեմբեր 13,2022 16:20

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ինտենսիվ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: ԱԺ-ում հայտարարություն են պատրաստել ադրբեջանական հարձակման վերաբերյալ, որը ներկայացրեց նախագծի համահեղինակ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Ընդդիմությունը չի կել համաձայնության հայտարարության տեքստի շուրջ:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենք առաջարկել են 4 հիմնական կետեր՝ որպես կարեւորագույն ուղերձ միջազգային հանրությանը եւ ՀՀ քաղաքացիներին: Այդ առաջարկներով ընդդիմությունն ուզում էր ԱԺ հայտարարության տեքստում ամրագրել. «Արձանագրում ենք ՀՀ արտաքին քաղաքականության եւ բանակի վերականգնման ոլորտներում լիակատար ձախողումը: Տեղի ունեցող ռազմական գործողությունները վերջնականապես բացահայտեցին այսպես կոչված «խաղաղության դարաշրջանի» քաղաքականության սնանկությունը»: Ըստ Արծվիկ Մինասյանի, կարեւոր ուղերձ էր միջազգային հանրությանը՝ հայտարարել, որ խաղաղության օրակարգի քաղաքականությունը ձախողվում է:

ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը, դիմելով ընդդիմությանն, ասաց. «Դուք չեք ուզում համախմբվել երկրի պետականության շուրջ: Ձեզ համար կարեւոր էր ձեր 4 կետը եւ այն, ինչ ասվեց, որեւէ կերպ ձեր օրակարգում չկար: Ես ցավում եմ, որ այս պահին, երբ մարդիկ կենաց ու մահու պայքար են մղում սահմանին, րոպեական իրավիճակ է փոխվում, դուք շարունակում եք այն գործելաոճը, ինչ որդեգրել եք այս տարիներին: Ձեզ որեւէ կերպ ՀՀ պետականությունը չի անհանգստացնում»:

Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց, որ երբեք իրեն թույլ չէր տա ընդդիմության մոտ գնալ ու այդքան խնդրել, բայց կան որոշ արժեքներ, որոնց համար պետք էր դա անել: Նա ասաց, որ ընդդիմադիրները անգամ ոտքի չկանգնեցին ԱԺ-ում՝ հարգելով զոհվածների հիշատակը, այսօր չապահովվեց միասնականությունը:

Արծվիկ Մինասյանը մանիպուլյացիա որակեց իշխանականների արածը՝ ասելով, որ իրենք աշխատել են ողջ գիշեր, հայտարարության տեքստը մշակել են ու հիմա ՔՊ-ականները իրենց հայտարարության կրկնությունը դրել են նախագծի մեջ ու ասում են՝ հայտարարությանը չեք միացել. «Մենք այս հայտարարությանը դեմ չենք, ասում ենք՝ այն ամբողջական չէ, հետեւաբար ոչ մի լուծում չի պարունակում իր մեջ»:

Նրա խոսքով՝ հենց պետականությամբ են մտահոգ, դրա համար են այդ առաջարկները ներկայացնում, այլապես կգային ԱԺ ու կասեին՝ Նիկո՛լ Փաշինյան, դու այսօր պետք է գաս հրաժարականով ու դա ամենաանկեղծ քայլը կլիներ, որը կմիավորեր ժողովրդին, ընդդիմությանն ու իշխանությանը:

Ինչ վերաբերում է ոտքի չկանգնելուն՝ Արծվիկ Մինասյանը դիմեց Վլադիմիր Վարդանյանին. «Պարո՛ն Վարդանյան, ասում եք՝ ոտքի չեն կանգնում, չե՞ք ամաչում, առավոտը մենք այստեղ չէի՞նք: Մենք չէի՞նք, որ միասին հարգեցինք մեր զոհված հայրենակիցների հիշատակը: Մենք չենք մասնակցելու քվեարկությանը, որովհետեւ համարում ենք սա կիսատ-պռատ նախագիծ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930