Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վլադիմիր Վարդանյան․ «Մեզ համար կարեւոր էր այսօր ունենալ միասնականություն բոլոր խմբակցությունների միջեւ, ցավոք, դա չհաջողվեց»

Սեպտեմբեր 13,2022 16:02

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ինտենսիվ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:  ԱԺ-ում հայտարարության նախագիծ են պատրաստել ադրբեջանական հարձակման վերաբերյալ, որը ներկայացրեց նախագծի համահեղինակ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը. «Սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի եւ ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես, հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին: Որոշ ուղղություններով Ադրբեջանի ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում: Ստեղծված իրավիճակում մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ՀՀ ԶՈՒ-ին՝ ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման սուրբ գործում: Բոլոր քաղաքական ուժերին, մեր բոլոր հայրենակիցներին՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից կոչ ենք անում պահպանել հանգստություն եւ համախմբվել պետականության շուրջ: Մեր բոլորի հայրենիքը միասնական է եւ կուռ պաշտպանության կարիք ունի: Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն եւ հասցեական կերպով դատապարտել ՀՀ-ի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության դեմ եւ ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից ակնկալում ենք ստեղծված իրավիճակի անհապաղ քննարկում եւ իրավիճակից բխող գործողությունների իրականացում: ՀԱՊԿ-ից պահանջում ենք ՀԱՊԿ պարտավորություններից բխող անհապաղ միջոցառումների իրականացու՝ ուղղված ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը: Դիմում ենք ՌԴ-ին՝ շուտափույթ իրականացնելու ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ «Բարեկամության, փոխօգնության եւ համագործակցության մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունները՝ ի պաշտպանություն ՀՀ տարածքային ամբողջականության»:

Ընդդիմադիր խմբակցությունները առաջարկներ են ներկայացրել: Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված առաջարկությունների փաթեթը չի վերաբերվել երեկ սանձազերծած Ադրբեջանի գործողություններին: Իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած առաջարկությունների մի մասն է վերաբերվել ու պատրաստ են եղել մի մասը ներառել հայտարարության տեքստի մեջ. «Մեզ համար կարեւոր էր այսօր ունենալ միասնականություն բոլոր խմբակցությունների միջեւ, ցավոք, դա չհաջողվեց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930