Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազգային ժողովի հայտարարությունն ադրբեջանական հարձակման վերաբերյալ

Սեպտեմբեր 13,2022 15:54

ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 13-ի նիստում քննարկել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի եւ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն ադրբեջանական հարձակման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:

Քննարկումների արդյունքում 65 կողմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունել է ադրբեջանական հարձակման վերաբերյալ հայտարարությունը:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես` հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին: Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում:

Ստեղծված իրավիճակում մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերին` Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման սուրբ գործում: Բոլոր քաղաքական ուժերին, մեր բոլոր հայրենակիցներին` անկախ քաղաքական դիրքորոշումներից, կոչ ենք անում պահպանել հանգստություն եւ համախմբվել պետականության շուրջ: Մեր բոլորի հայրենիքը միասնական եւ կուռ պաշտպանության կարիք ունի:

Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն եւ հասցեական կերպով դատապարտել ՀՀ դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիան, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված` տարածքային ամբողջականության դեմ ուժի եւ ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները:

ՄԱԿ ԱԽ-ից ակնկալում ենք ստեղծված իրավիճակի անհապաղ քննարկում եւ իրավիճակից բխող գործողությունների իրականացում:

ՀԱՊԿ-ից պահանջում ենք Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնված պարտավորություններից բխող անհապաղ միջոցառումների իրականացում ուղղված ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը:

Դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը` շուտափույթ իրագործելու Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները` ի պաշտպանություն ՀՀ տարածքային ամբողջականության:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930