«Եթե, ինչպես ասում եք, Ադրբեջանի գործողությունները ձեր համար շոկային չեն, ապա ի՞նչ հիմքով եք շարունակում պնդել խաղաղության օրակարգին հավատարիմ լինելու ձեր իշխանության սկզբունքը»,-խորհրդարանում այսօր հետաքրքրվեցինք իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանից։ «ՀՀ քաղաքացիների անվտանգ ապրելու երաշխիքը հարեւանների հետ խաղաղության մշտական եւ հուսալի կարգավիճակն է։ Եթե ձեզ իմ այդ բացատրությունը չի բավարարում, այդ դեպքում ձեր հարցերը դետալացրեք, որովհետեւ խաղաղությունից ավելի հուսալի գործիքակազմ չկա»,-պատասխանեց Գուրգեն Արսենյանը։
Լրագրողների հետ զրույցում նա պնդեց, որ քաղաքակիրթ ժամանակներում ենք ապրում, ոչ թե մարդակերների եւ վայրենիների, որ փոխադարձ ագրեսիան նախընտրելի դարձնենք խաղաղությունից։ Նկատառմանն ի պատասխան, որ թշնամու գործիքակազմն այլ է, Գուրգեն Արսենյանը նշեց․ «Մենք մեր տեսլականն ունենք, ունի նաեւ Ադրբեջանը։ Նրա պետական, քաղաքական միտքը պատկերացնում է մի կարգավիճակ, որը բխում է իր պետության եւ ժողովրդի շահերից։ Իսկ մենք խաղաղություն ասելով պատկերացնում ենք տեսլական, որը բխում է մեր շահերից։ Կա թյուրըմբռնում։ Երկու նպատակներն այս պահին չեն համապատասխանում, որպեսզի հանձնվեն թղթին, եւ թղթի վրա լինեն երկու կողմերի համար ընդունելի ձեւակերպումները»։
Կարդացեք նաև
Այս պահին, ըստ Գուրգեն Արսենյանի, Ադրբեջանի հետ կա քաղաքական մակարդակի փոխհարաբերություն, եւ հիմա իրար վրա կրակում ենք․ «Պետք է փոխհարաբերությունների թատերաբեմ դարձնենք դիվանագիտությունը։ Մեր եւ Ադրբեջանի փոխհարաբերությունների պատմությունն ամենաբարեկամականը չէ, Ադրբեջանի հասարակության հանդեպ ունենք վերաբերմունք, իրենք էլ մեր։ Որպես պետության եւ ժողովրդի ճակատագրի պատասխանատուներ՝ մենք պետք է կիրառենք մեր միտքը, կամքը, հնարավորությունները, դիվանագիտությունը։ Մենք չպետք է ունենանք մշտական հրաբուխ, որն ամեն օր անհանգստացնելու է ՀՀ բնակիչներին»։
Ապա Գուրգեն Արսենյանը կոչ արեց Ադրբեջան պետությանը լուրջ վերաբերվել։ Հետաքրքրվեցինք՝ Ադրբեջանի բացահայտ նվաճողական քաղաքականությանը ու ռազմական ախորժակին խաղաղության օրակարգով պատասխանելը լո՞ւրջ եք համարում։ Գուրգեն Արսենյանը պնդեց, որ միայն խաղաղության օրակարգ կարող են առաջ մղել։ Հարցին՝ ի՞նչ հիմքով, նա պատասխանեց․ «Այն հիմքով, որը որ մարդկության պատմության ուսումնասիրությունն է ցույց տալիս»։
Պնդմանն ի պատասխան, որ Թուրքիա-Ադրբեջան-ՀՀ հարաբերությունների պատմությունը պետք չի ընդհանրացնել, որ, օրինակ, հայ-թուրքական հարաբերությունները նույնը չեն, ինչ եվրոպական մտածողության պացիֆիզմը, Գուրգեն Արսենյանն ասաց․ «Բոլորս էլ մարդ ենք, նույնն ենք»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել ՀՀ-ի դեմ՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի սահմանային հատվածներից։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հ․ Գ․ Միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը ֆեյսբուքյան գրառում է արել․ «Տարբեր ալիքներով շրջանառվում է տեղեկատվություն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը տեղի ունեցողն անվանել է «սահմանային միջադեպ»… ասեմ, որ սա պատահական եզրույթ չէ. «սահմանային միջադեպ» (border skirmish) եզրույթը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն օգտագործել է Nicaragua v USA գործով դեռ 1986թ.` տարանջատելով այն ագրեսիայից: Այսինքն սահմանային միջադեպի պարագայում կողմը չի ստանում ինքնապաշտպանության իրավունք, իսկ ԱԽ միջամտությունը բացառվում է»: