«Մարտական գործողություններ են սկսվել, իմ կոչն է բոլորին՝ անկախ քաղաքական դիրքորոշումից, բոլորս միահամուռ ուժերով կանգնած լինենք երկրի ղեկավարի կողքին եւ մարտահրավերներին համատեղ լուծումներ տանք»,-Երեւանի ավագանու այսօրվա նիստի ավարտին ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, որը նիստին միացել էր վերջին մեկ-երկու հարցի քննարկման ժամանակ՝ սահմանային լարվածության պատճառով։
«Ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում՝ տղե՛րք, աթոռի համար կռիվ մի՛ արեք, կռիվ արե՛ք հողի համար, որ այդ աթոռը կարողանաք դնել։ Իմ կոչն է՝ բոլորս համատեղ կշռադատված․․․ արդեն մի անգամ այդ փորձությունն ունեցել ենք, եւ այդ սխալներից դասեր քաղենք, այդ դասերը քաղելով հանդերձ՝ փորձենք առաջ շարժվել, համատեղ խնդիրները լուծենք։ Դրա համար, որպես այդպիսին, մեր միակ․․․ մեր մեջքին կանգնածը մեր բանակն է ու մեր հույսը պետք է դնենք միայն մեր բանակի վրա։ Դա արդեն պատմությունն եւ վերջին տարիներին եղած տարբեր իրադարձություններն են թույլ տվել եզրակացնել։ ՀՀ-ում պառակտումներ այս դժվարին ժամանակահատվածներում պետք չեն»,-նիստի վերջում ասաց քաղաքապետը։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի միաժամանակ մի քանի ուղղություններով փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։
Կարդացեք նաև
Վարչապետ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտնել է 49 զոհի մասին, նշելով՝ այդ թիվը, ցավոք, վերջնական չէ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ Երեւանի քաղաքապետանի ֆեյսբուքյան էջից