Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի բնակավայրերի ուղղությամբ արդեն երկու ժամ է՝ թշնամու կրակոցները դադարել են:
«Հրաձգային զինատեսակներից ձայներ լսվում են, բայց դա սահմանի վրա է, բնակավայրերի ուղղությամբ արդեն երկու ժամ ոչինչ չկա»,- Aravot.am-ին ասաց Վարդենիսի համայնքապետի մամուլի քարտուղար Էդգար Պետրոսյանը:
Չնայած ռուսական կողմի հայտարարությանը, թե իրենց ջանքերով հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն Վարդենիսի տարածաշրջանի սահմանամերձ չորս գյուղի՝ Կութի, Նորաբակի, Ազատի ու Սոթքի բնակիչներ տարհանվել են: Ըստ մեր զրուցակցի. «Հլը չեն վերադարձել, հասկանանք՝ ժամանակավոր հրադադար է, թե հիմնական հրադադար, հետո վերադարձի կազմակերպման աշխատանքները կկազմակերպվեն»:
Վարդենիսի տարածաշրջանում հակառակորդի հարձակումից երեք վիրավոր կա, ըստ մեր զրուցակցի՝ թեթեւ վնասվածքներով:
Կարդացեք նաև
Իսկ նյութական կորուստները Վարդենիսի ղեկավարությունը դեռ չի հասցրել հաշվարկել, որովհետեւ. «Բնակիչների տարհանումից հետո ռմբակոծությունը նորից շարունակվել է, թե ինչ վնասներ է տվել, մենք էլ տեղեկություն չունենք, որովհետեւ դեպի այդ գյուղեր մուտք չի եղել»:
Առայժմ հայտնի է, որ հակառակորդը ռմբակոծել է Սոթքի դպրոցը, որը վարչական շենքի կողքին է ու դպրոցի ռմբակոծության հետեւանքով վնասվել է նաեւ վարչական շենքը, ռմբակոծվել է նաեւ հինգ բնակարան, նախնական տվյալներով՝ մեկ բնակարան էլ Կութում է ռմբակոծվել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ