«Խնդրում եմ, հորդորում, որ ցանկացած ելույթ պետք է ավարտվի՝ մենք այս դաժան իրավիճակից դուրս կգանք, եթե դուք ինքնակամ հրաժարական տաք: Հայ ազգին պատած այս չարիքի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է»,-խոսելով ՀՀ ԱԺ-ում ընթացող իրադարձությունների մասին՝«Հայելի» ակումբում հայտարարեց քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա՝ սա պետք է լինի ընդդիմության գործելաոճը:
Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ եթե չընդունվի այդ հայտարարությունը, պետք է ընդդիմությունը լքի ՀՀ ԱԺ դահլիճը, բայց ոչ ԱԺ-ն: Այնուհետև շարունակեց. «Արագ պետք է հանրահավաք հայտարարվի, մեկ խնդիր պետք է լուծի ընդդիմությունը՝ պարտադրել, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա: Այսօր անժամկետ, պերմանենտ իր հրաժարականի պահանջով պետք է սկսել հանրահավաք»: Նա վստահ է՝ եթե ժողովուրդն անկեղծություն տեսնի, կհավաքվի հրապարակում:
Դիմելով ՀՀ իշխանության ներկայացուցիչներին՝ Ռուբեն Հակոբյանն ասաց. «Ձեր իշխանատենչությունը կործանում է մեր պետությունը: Այս պահին ամբողջությամբ խղճում եմ այն մարդկանց, որոնք Նիկոլ Փաշինյանի թիմում են: Հեռացեք, ձեր մեջ շատերը կան, որ իրենց մտավոր կյանքով, ապրածով ձեռ են առնում Նիկոլ Փաշինյանին: Այսօր մեզ համար Սարդարապատ է, բայց, ցավոք, այսօր Հայաստանն Արամ Մանուկյան չի ղեկավարում, այլ նրա ու Նժդեհի հակապատկերը»:
Անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ նա ասաց. «Նույնիսկ այսօր Նիկոլ Փաշինյանի ելույթում էլի էն նենգ գիծն էր անցնում, որ ուզում են ներկայացնել, թե Արցախի պատճառով է, որ Զանգեզուրի միջանցքի հարց կա: Ի սկզբանե, երբ եղավ Զանգեզուրի միջանցքի մասին խոսք, ինքն ու իր կողքի անձինք անուղղակի կերպով ուզեցին ներկայացնել, որ դա Արցախի պատճառով է: Այս թիմը կապ չունի դիվանագիտության, Արցախի ազատագրման հետ: Հակառակ դեպքում կհասկանային, որ Թուրքիան թքած ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Ղարաբաղի վրա»:
Կարդացեք նաև
Հիշեցնելով կազանյան փաստաթղթի ստորագրումը, երբ Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել էր՝ ներկայացնելով 12 առաջարկություններ, ասաց. «Այդ ժամանակ բոլորին պարզ դարձավ, որ Թուրքիան իր ձեռքն է վերցնում արցախյան հակամարտության հարցը: Իրեն հետաքրքիր է Զանգեզուրի միջանցքի հարցը: Թուրքիան իր մասնակցությամբ թույլ էր տալիս ենթադրել, որ ռազմական լուծում է ունենալու հարցը, քանի որ Թուրքիան հասկանում էր, որ եթե Կազանում այդ պայմանագիրը ստորագրվի, նշանակում է Թուրքիան միջանցքի հետ կապված իր նպատակների վրա է գիծ քաշելու»:
Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ այսօր իշխող քաղաքական ուժը շարունակում է առաջ մղել այն թեզը, որ Զանգեզուրի միջանցքի հարցը կապված է Արցախի հարցի հետ: Ռուբեն Հակոբյանի փաստմամբ՝ այսօր հստակ է, որ աշխարհը խառնված է. եռացող կաթսայի է նման, բայց Թուրքան, որը ճշգրիտ դիվանագիտություն ունի, կարողանում է այս իրավիճակից օգտվել՝ հաշվի առնելով, թե ինչ իրավիճակում է այսօր Ռուսաստանը:
Ռուբեն Հակոբյանը վրդովված է՝ ո՞ւր են այն միջազգային կազմակերպությունները, որոնք ծափահարում էին խաղաղության պայմանագրին. «Հիմա էլ ՊՆ նախարարն է ԱՄՆ-ում, ո՞ւր են, ինչո՞ւ ձայն չեն հանում: Դահիճին ու զոհին նույն հարթության վրա են դրել: Հայաստանն այս վիճակում մի՞թե կարող էր պրովոկացիաներ անել»:
Ռուբեն Հակոբյանի կարծիքով՝ ԱԺ հայտարարության տեքստը, որը իշխանության կողմից էր ներկայացվել, ոչինչ չասող էր: Նրա համար ընդունելի է «Հայաստան» դաշինքի առաջարկած տարբերակը: Նա համարում է ճիշտ քայլ, որ ընդդիմությունը չմասնակցեց հարցուպատասխանին, քանի որ չի կարծում, որ բաց նյարդեր ունեցող մարդիկ կկարողանային լսել այն՝ իր ձևակերպմամբ դասախոսությունը, որը կարդում էր Նիկոլ Փաշինյանը այն մասին, թե ինչ անբարոյական մարդ էր Ալիևը, որ խաբեց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ