Լրահոս
Օրվա լրահոսը

«Քառօրյային գնացել ենք, ընդ որում, ոչ մի անգամ չենք ասել՝ մեր ավտոմատը սենց էր, մեր կոշիկը սենց էր». Փաշինյանն ու Հայկ Սարգսյանը քննարկում են իրենց ընտանիքների մասնակցությունը պատերազմում

Սեպտեմբեր 13,2022 14:44

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ինտենսիվ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:  ԱԺ-ում հայտարարության նախագիծ են պատրաստել: Խորհրդարան է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելու իրավիճակը եւ պատասխանելու պատգամավորների հարցերին: 

Փաշինյանն ԱԺ-ում հիշեցրեց, որ 2016-ի քառօրյա պատերազմին, երբ ինքը պատգամավոր էր, գնացել էր կամավոր. «Ընդ որում, ոչ մի անգամ չենք ասել՝ մեր ավտոմատը սենց էր, մեր կոշիկը սենց էր: Չէ, կոշիկի համար ասել եմ՝ որպես պատգամավոր: Հիմա այդպես է ստացվել, գնացել ենք, եկել ենք, բայց որ գնացել ենք, զենքը ձեռքներիս խրամատներում նստել ենք, ո՞վ էր երաշխիք տվել, որ…Մեր կամքով գնացել էինք՝ հանուն հայրենիքի, ընդ որում, լինելով ընդդիմադիր պատգամավորներ՝ ընդդիմադիր կուսակցության»: Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատը առաջնագիծ է մեկնել ռազմական գործողությունների ավարտից հետո՝ 2016–ի մայիսին, ինչի մասին հիշատակվում է անգամ վարչապետի պաշտոնական կենսագրությունում։

Հայկ Սարգսյանն էլ հիշեցրեց, որ իր ընտանիքն էլ է ներգրավված եղել պատերազմում, իր հայրը պատերազմի մասնակից է, վերջինն է դուրս եկել Արծվաշենից, իսկ վերջին պատերազմում իր հարազատ քրոջ ամուսինն է մասնակցել, մյուս քրոջ որդին. «Ընտանիքի մեջից գիտեմ, թե ինչ է նշանակում ունենալ ընտանիքի անդամ՝ սահմանում: Տեսել եմ ինչպես է արտասվում իմ քույրը, երբ իր ամուսնուն մի շաբաթ չի կարողանում զանգահարել»:

Հետո նա անդրադարձավ Փաշինյանի որդու՝ Աշոտի՝ պատերազմի մասնակցությանը. «Մենք տեսել ենք, որ դուք եք ամենաթեժ մարտական գործողություններին ձեր որդուն ուղարկել սահման: Շատերը չեն հավատում, ես անձամբ մի քանի տեղից գիտեմ, որ Աշոտը մասնակցել է մարտերին, իր կողքին կանգնած հայ զինվորը ընկել է պայքարում, զոհվել է եւ դրա փոխարեն շատ հանգիստ կարող էր լինել ձեր որդին: Այսօր ինձ շատերը զանգում կամ գրում են, ովքեր պատերազմի մասնակից են, ցանկություն են հայտնում մեկնել առաջնագիծ: Ինֆորմացիաներ են գալիս, որ շատ կամավորներ զենք են ուզում, որ գնան: Կամքը կա, պատմությունը ցույց է տվել, որ մենք պատրաստ ենք պայքարելու եւ զոհվելու՝ հանուն հայրենիքի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930