Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ինտենսիվ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: ԱԺ-ում հայտարարության նախագիծ են պատրաստել: Խորհրդարան է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելու իրավիճակը եւ պատասխանելու պատգամավորների հարցերին:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը՝ բրյուսելյան վերջին հանդիպմանը՝ ասելով, թե խաղաղության պայմանագիր չի կնքելու, հայկական կողմի առաջարկությունները չի ընդունում, ուզում է Նռնաձորից մինչեւ Երեւան:
ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը հարցրեց՝ Ադրբեջանը ունի ԱԹՍ-ներ, որոնցով նկարահանում է, թե ինչպես են խոցվում հայկական զինված ուժերը ու եթե հիմա պնդում է, թե Հայաստանը գնացել է սադրանքների, որեւէ փաստ ունի՞, որեւէ փաստ դնո՞ւմ է միջազգային հանրության առջեւ: Նա նաեւ հարցրեց՝ Ադրբեջանը բերում է անընդունելի պահանջներ, հարցի լուծման համար ի՞նչ ենք մենք անելու, ամեն զինծառայողի կյանքը թանկ է, նրա ծնողի ապրումները, մեր հայրենակիցների ապրումները մեր ցանկացած տղայի դեպքում շատ ծանր է:
Փաշինյանը պատասխանեց. «Շատ կարեւոր է պետականություն ունենալու եւ պետականությունը պաշտպանելու կամքը: Ես հիշատակելով մեր ընկած եղբայրներին՝ ասացի, որ պետությունը հենվում է նման մարդկանց վրա: Պետությունը հիմնվում է այն բանի վրա, որ բացի սգից, ցավից, վշտից, երկրում էլ քանի՞ մարդ կա, որ պատրաստ է կանգնել իր պետականության, ինքնիշխանության եւ անկախության դիրքերում: Կուզենայի, որ այս տրամաբանությամբ նայեինք, որովհետեւ ընկած զինվորներն ու սպաները մեր վրա պարտականություն չեն դնում միայն, որ մենք սգանք իրենց մահը կամ խաչքարներ կառուցենք իրենց համար: Մեր վրա դնում են ուրիշ պարտավորություն, որ մենք ամրացնենք պետություն, անկախություն ունենալու, ինքնիշխանություն ունենալու մեր կամքը: Մի զինվոր էլ մենք ենք: Հիմա մեր մտահոգությունը՝ անձամբ իմ եւ ձեր պետք է լինի՝ ի՞նչ անենք, որպեսզի հաջորդ պահին մեր կյանքին որեւէ վտանգ չսպառնա՞, չնայած դա էլ է նորմալ, որովհետեւ զինվոր չի նշանակում զինվել, առաջին հերթին նշանակում է պաշտպանել, կանգնել սեփական դիրքերի վրա: Պիտի մտածենք՝ ինչ անենք, որ մեր կյա՞նքը պաշտպանենք, թե՞ պիտի մտածենք՝ ինչ անենք, որ ունենանք ուժեղ, կայացած պետություն, ամուր բանակ: Մենք մեր զինվորներին չպետք է վերաբերվենք որպես անկյալների, ընկածների, պետք է վերաբերվենք՝ որպես բարձրացածների:
Կարդացեք նաև
Միշտ չի, որ նույնիսկ զիջումը բերում է խաղաղության, այո, միշտ չի, որ այն ամեն ինչը, որն առաջարկվում է գնալ եւ ստորագրել՝ բերում է խաղաղություն: Լավ, ասենք ճանաչում ենք տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, Սոթք-Խոզնավար հատվածը ո՞ւմ տարածքային ամբողջականության մեջ է ճանաչում: Ասում ենք՝ փոխադարձաբար ճանաչում ենք, անցնում ենք դելիմիտացիայի եւ դեմարկացիայի, ենթադրենք, խաղաղության պայմանագիրը այդ պայմաններով ստորագրված է, ո՞վ է երաշխավորը, որ այս նույն բանը տեղի չէր ունենալու: Դա առանց երաշխիքների ուղղակի թուղթ է: Ես այս իրավիճակների համար առաջարկել եմ՝ եկեք զորքերը հայելային հետ քաշենք, դա ամենամեծ ապացույցն է, թե ով ինչ սադրանքների է դիմել: Ադրբեջանը երբեք չի բացառել, ընդհակառակը, ասել է՝ ես այս ճանապարհով գնալու եմ եւ լուծելու եմ խնդիրը: Ինչքանով ենք մենք այս իրավիճակը գիտակցել: Ավելի կոնկրետություն մտցնելու համար մենք հիմա առաջարկում ենք, որ միջազգային ատյաններում այդ հարցը քննվի»:
Փաշինյանն ասաց, որ պետք է մեր ուղերձը հստակ լինի՝ մենք ուզում ենք եւ պատրաստ ենք գնալ խաղաղության, բայց դրա տակ պետք է բանաձեւ լինի, որ ապահովի մեր տարածաշրջանի ժողովուրդների խաղաղ համակեցությունը:
Վարչապետն ասաց, որ Բրյուսելում փոխհամաձայնության էին եկել, որ սկսում են խաղաղության պայմանագրի բանակցությունները, այնպես չէ, որ բանակցություն չկա ու մտել է փակուղի. «Հրադադարի ռեժիմի խախտումներ միշտ էլ եղել են, կողմերից մեկը սրանով ցուցադրում է իր կամքը՝ հարցի ուժային լուծման գնալու համար: Ադրբեջանի բանակցային մարտավարությունը եղել է հետեւյալը՝ տվեք ինձ այն, ինչ ուզում եմ ստանալ, այլապես մենք կստանանք դա պատերազմով»:
Փաշինյանը հայտարարեց. «Ուզում եմ, որ մենք ընկալումը փոխենք այն առումով, որ խոսելով պոտենցիալ զինվորների մասին՝ խոսենք մեր մասին, ո՞վ է ասել, որ ուրիշը պիտի պարտադիր լինի այդ պոտենցիալ զինվորը: Մենք մեր ընտանիքի անդամներին էլ պիտի ասենք, որ գիտեք ինչ, հանուն հայրենիքի եթե մեզ հետ բան պատահի՝ սուգը՝ սուգ, բայց դուք ոչ թե ողբացեք, այլ՝ հպարտացեք մեզանով: Ոչ թե ատելությամբ լցվեք նրանց նկատմամբ, ովքեր ապրում են, այլ՝ ընդհակառակը, դա դիտարկեք՝ որպես մեր զոհողության նպատակ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ