Որպեսզի աշակերտը լավ սովորի, անհրաժեշտ է, որ նա հոժարակամ սովորի:
Լ. Տոլստոյ
ԲԱՑ ՆԱՄԱԿ
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին
Հանրապետության հանրակրթության վիճակը իսկապես աղետալի վիճակում է և շատ մտահոգիչ:
Կարդացեք նաև
Այո՛, կրթութան որակի ապահովման գլխավոր պատասխանատուն ուսուցիչն է` կա լավ ուսուցիչ, կա կրթության լավ որակ:
Այսօր մենք մանկավարժներս լա՞վ ենք ճանաչում մեր սովորողներին, գիտե՞նք նրանց անհատական ու անձնային որակները:
Տեղեկատվական ու հաղորդակցական բարձր տեխնոլոգիաների այս «հորձանոտում» մարդը հաճախ է հայտնվում նոր իրավիճակներում և միջավայրում` կարծես չհասցնելով հասկանալ, թե ինչ է կատարվում իր շուրջ բոլորը. ուր է գնում աշխարհը, որն է այն արժեհամակարգը, որը պետք է ուղեկցի մեզ: Հետևելով այսօրվա դպրոցականների վարքագծին ու նրանց արժեքային կողմնորոշմանը` հեշտ է նկատել, որ նոր ձևավորվող սերունդը հոգեբանությամբ ու աշխարհընկալմամբ, իր տեղեկացվածությամբ, փիլիսոփայությամբ զգալիորեն ավելի առաջադեմ, հասուն ու շրջահայաց է:
Հանրակրթության պետական չափորոշչում հստակ նշվում է, թե սովորողին ին՞չ սովորեցնել, բայց արագ փոփոխվող այս աշխարհում ավելի առաջնային, հրատապ ու կարևորություն է դառնում, թե ո՞ւմ ենք սովորեցնում:
Ուսուցիչը ինչպիսի տարակարգ էլ ունենա, լինի կամավոր ատեստավորված թե, ոչ, լավ ուսուցման արդյունքը կլինի շատ չնչին, նույնիսկ աննշան եթե մենք չգիտենք ու չենք հասկանում, թե ինչպիսի երեխաների հետ գործ ունենք:
Ուստի ջանքերը դպրոցում` սովորողին ուսուցանել չափորոշչային պահանջներին համապատասխան, դպրոցից դուրս այս խայտաբղետ միջավայրում կարող են անմիջապես արժեքազրկվել ու կորչել:
Յուրաքանչյուր երեխայի կրթությանը, նրա ճակատագիրը չպետք է անտեսվի հասարակության կողմից ու մանկավարժի աչքից և պետք է դառնա բոլորիս` սոցիոլոգների, հոգեբանների, ազգագրագետների, մշակութաբանների, քաղաքական գործիչների ուշադրության ու հոգատարության առարկան:
Հարգարժան փոխնախարար Դուք մասնագիտությամբ լինելով սոցիոլոգ պետք է, որ լավ հասկանայիք ու գիտակցեիք, որ կրթության որակի ապահովման «աքիլեսյան գարշապարը» – թաքնված է ոչ, թե «ուսուցիչների մեջ» և դպրոցում, այլ` մեր այսօրվա ընտանիքներում, ծնողական համայնքներում և այսօրվա հասարակությունում տիրող մեղմ ասած անորոշ ու անառողջ մթնոլորտում:
Մեր կրթասեր հայ ընտանիքներում, արդյո՞ք իշխում է այն մեծ պատասխանատվությունն ու պարտականությունը դպրոց հաճախող երեխայի ուսումնառության նկատմամբ, երեխաները արդյո՞ք ձևավորում են ազնվության ու, անկեղծության մթնոլորտում:
Դուք չեք նկատե՞լ, որ մեր դպրոցականները, այո՛, միայն պարտաճանաչորեն հաճախում են դպրոց, բայց սովորելու ձգտումը հատկապես բարձր դասարաններում հետզհետե նվազում և հասնում է խայտառակ պատկերի:
Օրինակ` կա գոնե մեկ դիմորդ (իհարկե լինում են երջանիկ բացառություններ), որ առանց լրացուցիչ պարապմունքների (առնվազն 1-2 տարի) կարողանա հաղթահարել բուհերի ընդունելիության քննությունների նվազագույն շեմը:
Եվ ցավալի է, որ ըստ կրթության տեսչության վերջին արդյունքների 2937 սովորողների 47%-ն անբավարար է ստացել մաթեմատիկայից:
Հարգարժան կրթության նախարարություն, եթե իհարկե ունեք ազնվություն և համարձակություն (որովհետև հիմա ճշմարտություն ասելը ընդունված չի և նաև վտանգավոր է), ինչպես նաև` մտահոգված է կրթության որակով, ապա փորձեք մեր հանրակրթության ցանկացած դպրոցի (բացառությամբ որոշ դպրոցների) 10-րդ դասարաններում ցանկացած ուսումնական առարկայից անցկացնել թեստային գրավոր աշխատանքներ և շատ արագ կհամոզվեք, այսինքն` կտեսնեք, որ դպրոցականների գերակշռող մասը տարիներ շարունակ ոչինչ չեն սովորել և չեն սովորում:
Եթե դուք չե՞ք տեսնում, որ այսօր երեխանները չեն ուզում սովորել և փախչում են սովորելուց և չգիտեք, թե ի՞նչ են ուզում երեխանները և ի՞նչ պետք է անեն երեխաները, ինչո՞ւ են անտարբեր կրթության նկատմամբ, ապա հանրակրթությունը չի կարող «աշխատել», ինչպիսի տարակարգեր էլ մեջտեղ բերեք:
Դպրոցականներին «սովորելու դաշտ» բերելու գերխնդիրն է, որ պետք է նախարարությունը ուղղի կրթության որակի ապահովման վեկտորը իր ողջ մեծությամբ:
Ցանկացած պարտադրանք անհարիր է կրթությանը: Երեխան պետք է ցանկանա, ձգտի և ոգևորվի սովորելու համար:
Գիտակցե՛ք, որ դպրոցը պետք է արտացոլի ներկա կյանքը, այն իրական և կենսական կյանքը, որով երեխան ապրում է տանը, շրջապատում կամ բակում:
Հարգարժան փոխնախարար Ձեր այս բարեփոխումներով` ոչինչ չասող կամավոր ատեստավորումներով ու տարակարգերով կրթության անհրաժեշտ որակ չենք կարող ապահովել կրկնում եմ և դարձյալ կկրկնեմ, եթե չեք «բացել» սովորողին և նրա ներսում գտնվող «աշխարհը» չեք ուսումնասիրել, չեք «շոշափել» ու չգիտեք այսօրվա դպրոցի դասարանների մթնոլորտը, դպրոցում 6-8 ժամ անցկացնող երեխաների հետաքրքրություններն ու ցանկությունները, նրանց բարոյահոգեբանական ու հուզական հոգեվիճակները: Դպրոցի դռները փակելով և «ոստիկան խաղալով» դա կրթություն չէ, պարզապես ծիծաղելի է:
Այս ամենը հաղթահարելի է և իրականանալի, եթե ուսուցիչը իսկապես ուսուցիչ է (կամավոր ատեստավորումն այստեղ ոչ մի նշանակություն չունի): Հարկ եմ համարում իմ այս մտահոգությունները ավարտել մանկավարժական մտքի ամենաազդեցիկ դեմքերից մեկի Ջոն Դյուիի հետևյալ դիտարկմամբ. «ուսուցումը պետք է կենտրոնանա ժողովրդավարական գործընթացների վրա, իսկ դասարանը պետք է արտացոլի ընդհանրական հասարակությունը և դառնա իրական կյանքի լաբորատորիա»:
Իմ առաջարկությունները
Հարգելի կրթության նախարարություն առայժմ բաց թողեք ուսուցչի ձեռքը» և լրջորեն ու մեծագույն պատասխանատվությամբ զբաղվեք դպրոցի խորհրդի` որպես դպրոցի կառավարման բարձրագույն մարմնի լիազորությունների լիարժեք կատարման խնդիրներով (թե՛, Ձեզ հետաքրքրում է միմիայն ու միայն դպրոցի տնօրենի ընտրության մասով): Կառավարման խնդիրները այսօրվա դպրոցների լրջագույն խնդիրներից մեկն է:
Լրջորեն հետևեք դպրոցի խորհրդում ընդգրկված ծնողական խորհրդի լիազորությունների ոչ, թե ձևական, այլ` ըստ էության լիազորությունների պատշաճ կատարմանը: Գտնում եմ, որ այսօր կա նաև հրատապ անհրաժեշտություն վերանայելու ծնողական խորհրդի ընդհանուր և բացառիկ լիազորությունները:
Պատշաճ ուշադրությամբ հետևել մանկավարժական խորհրդի և ծնողական խորհրդի համագործակցությանը և արդյունքները դարձնել խորհրդակցությունների լուրջ քննարկումների առարկա:
Վերանայել դասղեկական աշխատանքների բովանդակությունը և ընդլայնել նրանց լիազորությունները:
Դասղեկ-ծնող, ծնող-դասղեկ կապը պետք է լինի դպրոցի կարևորագույն խնդիրներից մեկը;
Դպրոց-ընտանիք-համայնք, ընտանիք-դպրոց-համայնք կապերի ամրապնդումը պետք է դառնա տվյալ համայնքի գերակա խնդիրը:
Ուսուցիչները ծնողներին պետք է վերաբերվեն որպես երեխայի կրթության հարցում իրենց գործընկերների և համագործակցողների: Ծնողների պարտականությունները երեխաների դպրոց գնալով չեն ավարտվում:
Ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին զուգահեռ, ինչո՞ւ ոչ կազմակերպել նաև դասընթացներ դպրոցների խորհրդի ծնող անդամների, ծնողական խորհրդի նախագահների, ինչպես նաև` տվյալ համայնքի համապատասխան մասնագետների մասնակցությամբ:
Ռոմեն ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Ֆիզմաթ.գիտ.թեկնածու