Սամվել Բաբայանի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական հերթական ռազմական ագրեսիայի կապակցությամբ
Ադրբեջանը, հերթական անգամ օգտվելով աշխարհաքաղաքական գործընթացներից և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի փորձը, այսօր հարձակողական գործողություններ է ձեռնարկել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։
Ակնհայտորեն առաջնորդվելով նպատակն արդարացնում է միջոցները սկզբունքով՝ Ադրբեջանը շարունակաբար ուժի կիրառմամբ առավելագույնն է կորզելու հայկական կողմից։ Այս համատեքստում հայկական խաղաղության օրակարգը համարժեք չէ գործնականում արձանագրվող իրողություններին։
Կանոնավոր և մարտունակ բանակն է պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ժողովրդի ֆիզիկական անվտանգության, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման երաշխավորը։ Ուստի պետք է անհապաղ վերանայել հայկական օրակարգը․ վերջ տալ միջազգային հանրությանն ապավինելու անփառունակ փորձերին, խմբագրել պաշտպանական քաղաքականությունն ու ձևավորել համահայկական մարտահրավերներին և սպառնալիքներին համարժեք զինված ուժեր։
Կարդացեք նաև
Հայաստանի նկատմամբ պարբերական ոտնձգությունների հետևանքները վերացնելու փոխարեն, պիտի կանխարգելել դրանք․ և այդ կանխարգելիչ գործոնի բացարձակ մենաշնորհը բանակին է։ Հակառակն ապացուցելու փորձերն ու այդ կապակցությամբ արդարացումները սիրողական-կուսակցական մոտեցումներ են։