Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նոր անդամ ունի։ Այս խմբակցության անդամի (նիստը վարող փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանն անունը չնշեց) լիազորությունները վաղաժամկետ դադարելուց հետո, մանդատը փոխանցվեց «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հերթական համարին՝ Նաիրա Խառատյանին։ Այս մասին այսօր ավագանու նիստում հայտնեց նիստը վարող Երեւանի քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը։
Ավագանու նախորդ նիստերից մեկում քաղաքապետը նշել էր, որ «Իմ քայլից» Գայանե Եղիազարյանը դիմում էր ներկայացրել ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու մասին: Նրա մանդատը տրվել է «Իմ քայլի» ցուցակի հաջորդ թեկնածու Ակսել Թեւոսյանին, որը եւս դիմում է ներկայացրել ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու մասին:
Ըստ ընտրական ցուցակի, Ակսել Թեւոսյանից հետո ցուցակում հաջորդը Նաիրա Խառատյանն է։
Նա ասաց, որ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ հաշվի առնելով սահմանային իրավիճակը, շատ զբաղված է, ուստի նիստը վարում է փոխքաղաքապետը։ Եվ, ըստ նրա, այդ նույն հիմնավորմամբ, այսօրվա նիստը կանցկացվի կրճատված օրակարգով՝ ընդգրկված են այն հարցերը, որոնք անհրաժեշտ են քաղաքի բնականոն կյանքը ապահովելու համար։ Նիստի օրակարգում ներառված է 4 հարց՝ նախկին 20-ի փոխարեն։
Կարդացեք նաև
Փոխքաղաքապետի ներկայացմամբ՝ «Իմ քայլից» Կարինե Բաղդասարյանի ավագանու անդամի լիազորությունները նույնպես դադարեցվել են, նրա մանդատը փոխանցվել է հաջորդ համարին՝ Նարեկ Պալյանին, որը եւս դիմում է ներկայացրել մանդատը վայր դնելու։ Պալյանի մանդատը փոխանցվել է ընտրական ցուցակի հաջորդ համարին՝ Վազգեն Մանուկյանին։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ