Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ինտենսիվ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: ԱԺ-ում հայտարարության նախագիծ են պատրաստել: Խորհրդարան է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելու իրավիճակը եւ պատասխանելու պատգամավորների հարցերին:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը՝ վերջին բրյուսելյան հանդիպմանը՝ ասելով, թե խաղաղության պայմանագիր չի կնքելու, հայկական կողմի առաջարկությունները չի ընդունում, ուզում է Նռնաձորից մինչեւ Երեւան:
«Այս գործողություններով Ադրբեջանը ուզում է տապալել խաղաղության օրակարգը: Խաղաղությունն այն միջավայրն է, որը կարող է ապահովել ՀՀ-ի ու ԼՂ-ի անվտանգությունը»,- իր ելույթում ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ բոլորն ուզում են խաղաղություն, բայց խնդիրն այն է, թե խաղաղություն ասելով՝ ով ինչ է պատկերացնում:
Թե ինչ պիտի անեն ստեղծված իրավիճակում, Փաշինյանն ասաց, որ բոլոր հնարավոր միջոցներով Հայաստանը պետք է պահպանի իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ձգտի խաղաղության ու հնարավորինս արագ բարեփոխի բանակը, զինված ուժերը:
Կարդացեք նաև
ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ մենք պետք է պաշտպանենք մեր ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը, արդյոք մենք իրավունք ունե՞նք զինվելու պաշտպանական զենքերով: Փաշինյանը պատասխանեց, որ ամենակարեւորը մեր կամքն է՝ պաշտպանելու մեր պետականությունը. «Հասկանալի է, որ միայն կամքով ոչինչ չես անի, բայց առանց կամքի էլ ոչինչ չես անի: Զենք-զինամթերք ձեռք բերելու հարցը դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն, բայց հարցը 4 բաղադրիչից է բաղկացած: Առաջինը ֆինանսական է, երկրորդը՝ քաղաքական, երրորդը՝ տեխնիկական, չորրորդը՝ տրանսպորտային: Երբ որ մենք խոսում ենք զենք-զինամթերքի ձեռքբերման մասին, պետք է պատկերացնենք, որ այն բաղկացած է այս 4 բաղադրիչից:
Մենք կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ն այսօր ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերք:
Երկրորդը քաղաքական կոմպոնենտն է: Բնականաբար, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին, բայց կան երկրներ, որոնք պատրաստ են: Կան երկրներ, որոնք պատրաստ չե՛ն այն փաստին, որ Հայաստանը այն երկրից, որը պատրաստ է իրեն զենք վաճառել, այդ երկրից զենք գնի: Կարող է թվալ՝ պատրաստ չեն՝ իրենց գործն է: Բայց այս պատրաստ չլինելը իր հետեւից բերում է հետեւանքներ, այդ թվում՝ անվտանգային: Սովորաբար զենք գնում են՝ անվտանգային սպառնալիքը կառավարելու համար, բայց լինում են իրավիճակներ, երբ զենք գնելը կապված է անվտանգային նոր սպառնալիքների հետ:
Հաջորդ խնդիրը՝ տեխնիկական, կան երկրներ, որոնք ուզում են ու պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին, բայց չունեն մեզ անհրաժեշտ զենքը՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, օրինակ, այն տրամաբանությամբ, որ առաջիկա տարիներին իրենց արտադրանքի ծավալները այնպես են դասավորել, որ շուկայում իրենց դիրքը չկորցնելու համար պետք է պայմանագրային պարտավորություններն ապահովեն:
Հաջորդ խնդիրը տրանսպորտն է, ՀՀ-ն չունի ելք դեպի ծով: Շատ դեպքերում տրանսպորտային խնդիրն իր բարդությամբ չի տարբերվում նախորդ բաղադրիչներից: ՀՀ-ն արդյոք ունի՞ այս պահին ֆինանսական միջոցներ՝ իրեն անհրաժեշտ,պաշտպանունակությունը էականորեն բարձրացնելու խնդիրը լուծելու համար զենք գնելու: Մենք ունենք անհրաժեշտ միջոցներ»:
Փաշինյանն ասաց, որ աշխատում են՝ այդ խնդիրները լուծելու համար ամենօրյա ռեժիմով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ