Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը փորձում է շրջանառությունից հանել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը… սադրանքներով փորձում է կոտրել Հայաստանի տնտեսական դինամիկան». Փաշինյան

Սեպտեմբեր 13,2022 13:07

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ինտենսիվ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: ԱԺ-ում հայտարարության նախագիծ են պատրաստել: Խորհրդարան է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելու իրավիճակը եւ պատասխանելու պատգամավորների հարցերին:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը՝ վերջին բրյուսելյան հանդիպմանը՝ ասելով, թե խաղաղության պայմանագիր չի կնքելու, հայկական կողմի առաջարկությունները չի ընդունում, ուզում է Նռնաձորից մինչեւ Երեւան:

Փաշինյանը նաեւ ասաց, որ Ադրբեջանն ուզում է Հայաստանի տարածքով միջանցք, ինչին հայկական կողմը դեմ է: Բացի այդ, 2020-ի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է, որ եթե տեսնի, որ ՀՀ զինված ուժերը եւ բանակը որոշակի ներուժ է հավաքում, որը իր ձեւակերպմամբ կարող է վտանգ սպառնալ Ադրբեջանին, իրենք նախահարձակ գործողություններ են իրականացնելու. «Չնայած մենք մի քանի անգամ հայտարարել  ենք պաշտոնական փաստաթղթերով արձանագրված, որ ԶՈՒ բարեփոխում իրականացնում ենք ոչ թե տարածքներ նվաճելու համար, այլ ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, այնուամենայնիվ, այն փուլերում, երբ մենք կենտրոնանում են բանակի բարեփոխումների թեմայի վրա, նման սադրանքներ են իրականացվում ու նաեւ պրոցեսը խոչընդոտելու համար են անում»:

Փաշինյանը նաեւ տեղեկացրեց, որ պատերազմից հետո մենք ծանր կորուստներ ենք ունեցել, բայց ՀՀ-ն չի կոտրվել. «Այդ պատերազմի արդյունքում, ավելին, այն ժամանակ հայտնի մթնոլորտի եւ սոցիալ-հոգեբանական միջավայրում նոյեմբերի 9-ը ՀՀ-ում շատ նեգատիվ լույսի ներքո ներկայացվեց: Այնպես չէ, որ մենք երջանիկ էինք, կամ երջանիկ ենք այդ հայտարարությամբ: Բայց այդ հայտարարության մեջ կա 3+1 կարեւոր ինստիտուցիոնալ արձանագրում: Առաջինը՝ Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի արձանագրումն է այն պայմաններում, երբ Ադրբեջանն ասում է՝ ԼՂ գոյություն չունի: Մենք ունենք գործող փաստաթուղթ, որի մեջ կա նաեւ Ադրբեջանի ստորագրությունը, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, այդ ԼՂ միավորը պարփակված է որոշակի գծով, որը փաստաթղթում ամրագրված է շփման գիծ, կան տեղակայված ռուս խաղաղապահներ, որոնց ներկայության  իմաստը եւ տրամաբանությունը այդ շփման գծի, հետեւաբար տարածքի ու հետեւաբար տարածքում ապրող մարդկանց անվտանգությունն ապահովելն է եւ կա Լաչինի միջանցք, որն ապահովում է մարդկանց, բեռների անարգել երթեւեկությունը, հաղորդակցումը ԼՂ-ի ու Հայաստանի միջեւ»:

Փաշինյանը նշեց նաեւ, որ Ադրբեջանը վատ է արձագանքել, երբ ԱԽ քարտուղարը այցելել էր Ղարաբաղ, նաեւ՝ պատգամավորներ. «Եռակողմ հայտարարությամբ հստակ արձանագրված է, որ Լաչինի միջանցքի գոյության իմաստը Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ կապն ապահովելն է ու Ադրբեջանի նմանատիպ դիրքորոշումները ընդհանրապես տրամաբանական չեն, որովհետեւ մեր մեջ ասած՝ այդ հայտարարության մեջ չկա սահմանափակում, թե ովքեր կարող են գնալ ԼՂ ու ովքեր չեն կարող գնալ: Վերջին շրջանի գործողություններում նկատելի է, որ Ադրբեջանը փորձում է շրջանառությունից հանել եւ արխիվային նշանակություն տալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը»:

Փաշինյանը նաեւ նշեց, որ ի հեճուկս գլոբալ դժվարությունների, Հայաստանն ունի տնտեսական որոշակի հաջողություններ ու մեջբերեց տնտեսական ազատության ցուցանիշը, որտեղ ՀՀ-ն 11-րդ տեղն է զբաղեցնում: Ըստ Փաշինյանի, այս սադրանքներով Ադրբեջանը փորձում է կոտրել նաեւ տնտեսական դինամիկան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930