Սյունիքի մարզում քաղաքացիական անձանց շրջանում վիրավորներ եւ զոհեր չկան։ Այս մասին Aravot.am-ին փոխանցեց Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը։
Նա հավելեց, որ Տեղ խոշորացված համայնքի որոշ բնակավայրեր տուժել են ադրբեջանական հրետակոծությունից՝ Քարաշեն համայնքի ակումբի շենքն է վնասվել, Վաղատուր համայնքի այգիների վրա արկեր են ընկել։ Բացի այս, ինչպես փոխանցեց մարզպետի օգնականը, Գորիսի Վերիշեն եւ Ակներ գյուղերում բնակելի տների վրա արկեր են ընկել։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի միաժամանակ մի քանի ուղղություններով փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։
Կարդացեք նաև
Այսօր խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց հայկական կողմից 49 զոհի մասին, նշելով՝ այս թիվը, ցավոք, վերջնական չէ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարներում՝ Գորիս համայնքի Վերիշեն գյուղի գիշերային հրետանային գնդակոծության հետևանքների կադրերն են: